Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրվեց Ոստանիկ Մարուխյանը (տեսանյութ)

12:59 • 20.06.15

14։05

Այսօր 19 կողմ ձայնով Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրվեց  առաջադրված թեկնածու Ոստանիկ Մարուխյանը, իսկ մյուս թեկնածուն՝ Հովհաննես Թոքմաջյանը ստացավ 12 ձայն, մեկ ձայն էլ համարվեց անվավեր։


Հովհաննես Թոքմաջյանը շնորհավորեց Ոստանիկ Մարուխյանին և ասաց.«Ես արել եմ այնքանը, որքանը կարողացել եմ, ցանկանում եմ Դուք էլ այդքան անեք»,- ասաց նա։

Նշենք, որ ընտրություններին մասնակցել են բոլոր 32 հոգաբարձուների անդամները։

 


13:59

 

Երբ պոլիտեխնիկում հոգաբարձուների խորհրդի անդամների կատարած ընտրության ձայների հաշվարկ էր տեղի ունենում, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մոտեցավ ռեկտորի թեկնածուներից Հովհաննես Թոքմաջյանին և մտերմիկ զրուց սկսվեց: Լրագրողների հարցին, թե ինչ է տարաձայնությունը վերացավ, Թոքմաջյանը պատասխանեց .«Մենք ընկերներ ենք»:
 

 


13:36

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդը, որը կազմված է 32 անդամից և բոլոր 32-ն էլ ներկա են, այս պահին կատարում է ռեկտորի ընտրություններ: Հիշեցնենք, որ թեկնածուները երկուսն են նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:

 

Առաջինն իր քվեարկությունը կատարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 


13։27

Աշոտյանը ելույթ ունենալով պոլիտեխնիկում, ասաց. «Լավ է, որ շնորհակալ եք ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, նկատում եք առաջընթացը, բայց պետք է հիշեք, որ ես եմ իմ հրամանով Թոքմաջյանին նշանակել ռեկտորի պաշտոնակատար: Ես անձնական խնդիր չունեմ որևէ մեկի հետ»:


«Շնորհակալ եմ, որ հետևում եք իմ ֆեյսբուքյան գրառումներին: Փաստորեն, Դուք այն 45 հազարից մեկն եք»,- արձագանքելով պոլիտեխնիկի դասախոսի դիտարկմանը՝ ասաց նախարարը:


Իսկ դասախոսը, որ Ֆելիքս Փարիկյանն էր, հայտարարել էր. «Պարոն Աշոտյան, Պոլիտեխնիկը փորձադաշտ չէ: Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում գրում եք, թե թույլ չեք տա, որ Պոլիտեխնիկի ուսանողների գլխից մի մազ պակասի: Դուք այս հայտարարությամբ խիստ վիրավորում եք դասախոսական կազմին: Ուսանողների և դասախոսների միջև միջանկյալ օղակ չի կարող լինել: Չնայած բոլոր խոչընդոտներին, որ ստեղծվել են Պոլիտեխնիկի շուրջ, բերում են միայն պոլիտեխնիկի առաջընթացին»:


«Այսօր ես անձամբ չեմ կատարելու ընտրություն, փորձելով բարձրացնել մեկին՝ վարկաբեկելով մյուսին»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը
 


Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ այս պահին հոգաբարձուների խորհրդի նիստն է ընթանում, թեկնածուները ներկայացնում են իրենց ծրագրերը:


Նիստին ներկա են կրթության նախարար Արմեն Աշոտյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ:


Ռեկտորի պաշտոնում ընտրվելու համար հայտ ներկայացրած երկու թեկնածուները՝ Հովհաննես Թոքմաջյանը և Ոստանիկ Մարուխյանը, նիստի ընթացքում ներկայացրին իրենց ծրագրերը:


Պոլիտեխնիկի դասախոս Մհեր Մարկոսյանը ելույթ ունենալով ասաց, թե այն տարիներին, երբ Մարուխյանն էր ղեկավարում, Պոլիտեխնիկը աճ չի գրանցել: «Ինչն է պատճառը, չեմ կարող ասել»,- ասաց Մհեր Մարկոսյանը՝ նայելով Սամվել Նիկոյանին:


«Պարոն Թոքմաջյանը, սակայն ցույց է տալիս ճանապարհներ, դա հույս է ներշնչում, հիմնավորված է, ինչը չկար պարոն Մարուխյանի ելույթում ու ծրագրերում»,- ասաց դասախոսը:


Ելույթ ունեցավ նաև ուսխորհրդի փոխնախագահը՝ ասելով, թե ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը պահը չի կորցնում, որպեսզի վարկաբեկի ուսանողական խորհուրդը: