Հունաստանը կդադարի գումար ստանալ ԵՄ-ից` եվրագոտուց դուրս գալու դեպքում
Հունաստանը կդադարի գումար ստանալ Եվրամիությունից, եթե դուրս գա եվրագոտուց: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Frankfurter Allgemeine Zeitung թերթում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը:
«Չի աշխատի հետևյալը՝ դուրս գալ եվրոյից, չվճարել պարտքերը, բայց սպասել, որ կշարունակվեն գումարներ ստացվել ԵՄ բյուջեից»,- ասել է նա: Շուլցն այդպիսով հասկացնել է տվել, որ Աթենքը չի կարողանա մնալ Եվրամիությունում, եթե դուրս գա եվրագոտուց:
Միևնույն ժամանակ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի օրը ընտրության առջև է կանգնելու՝ գնալ համաձայնության Հունաստանի կառավարության հետ, թե հետևել հնչող կոչերին` «դեն նետել միակ հունական կառավարությունը, որը կարող է հավատարիմ մնալ սկզբունքներին և հույն ժողովրդին բարեփոխումների ճանապարհի վրա բերել»:
«Անցած հինգշաբթի Եվրոպական խմբի հանդիպման ժամանակ ես համապարփակ առաջարկ եմ արել, որը վերջ կդներ ճգնաժամին և թույլ կտար Հունաստանին վճարել պարտքերը»,- ընդգծել է ֆինանսների նախարարը՝ նշելով, որ առաջարկը նախատեսում է արմատական բարեփոխումների իրականացում:










