Վարշավայի օդանավակայանում հաքերային հարձակման պատճառով չվերթները չեղյալ են հայտարարվել

09:13 • 22.06.15

Ավելի քան 1.400 ուղևոր չի կարողացել կիրակի օրը թռչել Վարշավայի միջազգային օդանավակայանից լեհական LOT ավիափոխադրող ընկերության համակարգչային ցանցի վրա հաքերների հարձակման պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ավիաընկերության տասը ներքին և միջազգային չվերթ, այդ թվում՝ Դյուսելդորֆ, Համբուրգ և Կոպենհագեն ուղղություններով, չեղյալ է հայտարարվել, ևս 12 չվերթ հետաձգվել է:

 

Հաքերների գործողությունների հետևանքով, ինչպես հստակեցրել են ավիաընկերությունում, Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում ուղևորների գրանցման համար պատասխանատու համակարգի անսարքություն է գրանցվել:

 

Ավիափոխադրողն ընդգծում է, որ օդում ուղևորների անվտանգության համար վտանգ չկա:

 

Հաքերային հարձակման հետևանքները վերացնելու համար պահանջվել է մոտ հինգ ժամ: Համակարգչային հարձակման հանգամանքները հետաքննվում են։