Ամերիկահայ բժիշկն արդեն 2 տարի ՀՀ–ում կրծքագեղձի վիրահատության նոր մեթոդ է կիրառում

12:03 • 22.06.15

Հայաստանում է ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր  Արթուր Սալիբյանը, ով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է  ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ  կրծքագեղձի վերականգնման և վիրահատության  մեթոդի մանրամասները, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
 

Արթուր Սալիբյանը շուրջ երկու տարի է, ինչ հայ մասնագետների հետ մեր երկրում  առաջինն է կատարում վիրահատության այս տեսակը: Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի տեղեկացմամբ`  կրծքագեղձի պահպանման վիրահատության ընթացքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում և մաշկի տակ պրոթեզի տեղադրում, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը և պտուկը:

 

«Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում` ստանալով նախընտրելի արդյունք»,-  նշել է մասնագետը:
 

Կրծքագեղձի այս վիրահատությունը շուրջ երկու տարի պարբերաբար իրականացվել է  «Քանաքեռ Զեյթուն»  և Հայ-ամերիկյան առողջության  կենտրոններում:
 

«Երկու տարի է, ինչ առաջին քայլերն հաջողությամբ են ընթանում, հույս ունեմ, որ մի քանի տարի անց ծրագիրն արդեն ներդրված կլինի Հայաստանում»,- ասաց Արթուր Սալիբյանը` ընդգծելով, որ վիրահատության արդյունքները  թե էսթետիկական, թե ուռուցքաբանական տեսանկյունից շատ ավելի նախընտրելի են:

 

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակվող ծրագրի իրականացման  և մեր երկրում  լայնորեն կիրառման համար ստեղծել աշխատանքային խումբ, կկազմակերպվեն նաև մասնագետների փոխայցեր: