ԵՄ-ն, ԱՄՀ-ն, ԵԿԲ-ն Հունաստանից նոր առաջարկ են ստացել դեֆոլտը կանխելու համար

08:44 • 22.06.15

Եվրամիությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոպական կենտրոնական բանկը նոր առաջարկ են ստացել Հունաստանից՝ դեֆոլտը կանխելու համար, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Ստացել ենք նոր առաջարկ Հունաստանից… Լավ հիմք է վաղը կայանալիք Եվրամիության գագաթաժողովին առաջընթաց գրանցելու համար»,- Twitter-ի իր էջում հայտնել է Եվրահանձնաժողովի կաբինետի ղեկավար Մարտին Զելմայերը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Հունաստանի պարտքի թեման միջազգային վարկատուների հետ կքննարկի մինչ եվրոգոտու երկրների գագաթաժողովի մեկնարկը:

 

Հունաստանը ներկա պահին բանակցություններ է վարում Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ` 240 մլրդ եվրո ծավալով պարտքի մարման գործընթացը կարգավորելու համար:

 

Այս պարտքը ձևավորվել է 2010-ին և 2012-ին հունական բյուջեն դեֆոլտից փրկելու արդյունքում: Վարկատուների հետ համաձայնությունը պետք է կնքվի մինչ Հունաստանին օգնության հատկացման ժամկետի ավարտը, այսինքն` մինչ ամսվա վերջ: