Յանուկովիչն Ուկրաինա վերադառնալու հույս ունի
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հուսով է, որ երբևէ կկարողանա վերադառնալ Ուկրաինա:
Այդ մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները, Ղրիմի անեքսիան ու իր՝ Ռուսաստան փախուստի մանրամասները։ Հիշեցնենք, որ նա ՌԴ է փախել 2014-ի փետրվարի վերջին՝ իշխանափոխությունից հետո։
Նա վստահություն է հայտնել, որ Դոնբասը, որի մի մասը վերահսկվում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կողմից, պետք է մնա Ուկրաինայի կազմում:
Նախկին նախագահը նշել է, որ այժմ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Ռոստովում, սակայն հարկադրված է տեղաշարժվել Ռուսաստանում: Եվ որ իր կյանքին ուղղված սպառնալիքների պատճառով իրեն միշտ ուղեկցում է թիկնազորը:
«Նախկինի պես սպառնալիքն ու վտանգն արդիական են, այդ պատճառով էլ անվտանգության բոլոր հնարավոր միջոցներն են օգտագործվում, և ես ստիպված եմ ապրել նման պայմաններում»,-ասել է Յանուկովիչը:










