Վանաձորում նոր բժշկական կենտրոն է բացվել

10:36 • 05.07.15

Վանաձորի բնակչությունն այսուհետ հնարավորություն կունենա օգտվել նորագույն սարքավորումներով հագեցած և վերապատրաստված մասնագետներով համալրված բժշկական կենտրոնի ծառայություններից:


Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ «Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի բացմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

 

Նշվում է, որ «Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը բացվել է 2007թվականին` ունենալով 20 աշխատատեղ:


Տարիների ընթացքում կենտրոնի տնօրինությունը բնակչությանն առավել որակյալ բժշկական օգնություն մատուցելու համար «Արարատ» բանկի հետ համագործակցությամբ և ֆինանսավորմամբ ծրագրել է Վանաձորում ստեղծել նոր բժշկական կենտրոն:


Վանաձոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի: Ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրվել է 1 մլն ԱՄՆ դոլար:


Նոր մասնաճյուղում  ավելացել են մատուցվող ծառայությունների տեսակները: Ելնելով պահանջարկից` կենտրոնը հագեցվել է  եվրոպական ժամանակակից սարքավորումներով,  մեծ աշխատանքներ ենք տարվել կադրերին վերապատրաստելու ուղղությամբ: Ներկայումս կենտրոնի  Վանաձորի մասնաճյուղի աշխատակազմը կրկնապատկվել է` հասնելով 40-ի: