Բաքվի խաղերը չտվեցին այն արդյունքը, ինչին իշխանությունները սպասում էին. ադրբեջանագետ
Բաքվի խաղերը չտվեցին այն արդյունքը, ինչին իշխանությունները սպասում էին, և դա բոլորին է պարզ. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, ով հիշեցրեց, որ Եվրոպական խաղերի համար ծախսվել է 10 մլրդ դոլար և ըստ հրապարակումների, այդ միջոցները չի հաջողվել հետ բերել:
Սարգիս Ասատրյանը նշեց, որ Ադրբեջանը Արևմուտքի հետ առնչվում է զուտ տնտեսական կապերով և այլ տեսակի առնչությունների հետ աղերս չունի, և ուստի հենց այդ պատճառով միայն Եվրոպան համաձայնվեց սպորտային խաղերն անցկացվեն Բաքվում:
Ադրբեջանագետը հղում կատարեց միջազգային լրահոսին, որոնք բազմիցս խաղերի ֆոնին ներկայացնում էին այնտեղ խախտվող մարդու իրավունքները, քննադատում ահռելի չափերի հասնող կոռուպցիան և այլն:
«Եվրոպայի խաղերը պետք է դառնային Ադրբեջանի համար PR ակցիա, որը սակայն հակառակ ազդեցություն տվեց»,- ասաց նա և հավելեց, թե հոսանքի սակագնի շուրջ Երևանյան իրադարձությունները նույնիսկ ստվերեցին Բաքվի խաղերը, որից դժգոհել են նաև Ադրբեջանում:
Իսկ թե ինչպես է, որ և՛ քննադատում են, և՛ նման մեծ միջոցառում վստահում հենց Ադրբեջանին, Սարգիս Ասատրյանը նշեց, թե չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը Արևմուտքի համար բավական կարևոր տնտեսական պարտնյոր է և ուստի մեծ է նաև շահագրգռվածությունը հարաբերություններ խորացնելու: «Իսկ մարդու իրավունքները ճնշման որոշակի լծակ է Ադրբեջանի վրա»,- ասաց նա:
Անդրադառնալով Բակո Սահակյանի՝ հուլիսի 8-ին Մեծ Բրիտանիայում Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում կայանալիք միջոցառմանը մասնակցությամբ հրավերին, ադրբեջանագետը նշեց, թե չի կարծում, որ դա որևէ կապ ունի Ղարաբաղի ճանաչման հետ: «Բրիտանական կողմը փորձում է լսել բոլոր կողմերին, որպեսզի հասկանա կոնֆլիկտի հանգամանքները, դա հետաքրքիր քայլ էր, և ես չէի ցանկանա տեսնել կոնկրետ մտադրություն»,- ասաց նա:










