Ռազմական ավիացիայի 22-ամյակը չնշվեց զոհված օդաչուների նկատմամբ հարգանքից

14:03 • 06.07.15

Հունիսի 26-ին լրացել է ՀՀ ռազմական ավիացիոն ուժերի 22 ամյակը, սակայն այս տարի չի նշվել շուքով, քանի որ  դեռևս չի լրացել դեկտեմբերի ուսումնավարժական թռիչք կատարելու ժամանակ հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի մեկ տարին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ուժերի անձնակազմի հրամանատար, անկախության տարիների առաջին օդաչու Արմեն Ափիկյանը։


Նա այնուհետև պատմեց, թե ինչպես է կազմավորվել ՀՀ-ում ռազմական ավիացիան. «Ռազմական ավիացիան կազմավորվեց 1993-ին, այսինքն՝ ամենադժվար տարիներին, երբ կար հոսանքի ու հացի խնդիր։ Թեև երկիրը գտնվում էր շրջափակման մեջ, սակայն ռազմական ավիացիան կայացավ, օդաչուների համառության շնորհիվ։ Գնում էինք դժվար պայմաններում դասընթաց անցկացնում»։


Արմեն Ափիկյանը նշեց, որ այսօր թեև բավականին լավ պայմաններում են ուսանողները սովորում, բացի այդ նաև երիտասարդությունն է շատ ընդունակ։


«Պատերազմի տարիներին հիմնականում տեխնիկան Սովետական Միությունից մնացած էր, կադրերը շատ չէին ու քաղավիացիայի օդաչուները օգնության էին գալիս, բայց այսօր ունենք լավ տեխնիկա և ցանկացած խնդիր օրվա ցանկացած ժամին կարողանում ենք իրականացնել։ Գնալով շատանում են մեր կադրերը, որովհետև դիմորդներն էլ են այսօր շատ։ Եթե նախկինում մեզ դիմում էին 10 հոգի, հիմա մինչև 30 մարդ է դիմում սովորելու»,- ասաց նա։


Ռազմաօդային ուժերի մայոր Գոռ Ղազարյանն էլ պատմեց, որ միշտ ցանկացել է դառնալ նկարիչ, բայց երիտասարդ տարիներին ակամայից հայտնվել է  պատերազմական գործողությունների թատերաբեմում ու որոշել դառնալ զինվորական։


«Պատմությանը նայելիս կարելի է ասել, որ հայ մարդը միշտ եղել է նկարիչ-զինվորական, բժիշկ-զինվորական և այլն։ Հայ մարդը միշտ պետք է լինի զինվորական, կարողանա տիրապետել զենքին։ Ուզում էի նկարիչ լինեի երևի դրա համար էլ ընտրեցի զինվորական ծառայության այս տեսակը, որովհետև մի քիչ ռոմանտիկ պետք է լինել թռիչքներ անելու համար»,- ասաց նա։


Գոռ Ղազարյանը խոսելով ռազմական ավիացիայի ներուժի մասին, ասաց, որ պատրաստ են անառիկ պահել հայրենիքի սահմանները։


«Ով մեր ծիրանի այգի քար նետի, համապատասխան պատասխան ենք տալու։ Մենք պահելու ենք էս երկիրը, հանուն մեր երեխաների ու մեր գաղափարի»,- ասաց նա