Ուղիղ միացում Ազատության հրապարակից
Երևանի Ազատության հրապարակում ընթանում է էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց
21.13
Քիչ առաջ Ազատության հրապարկում ակտիվիստներից մեկն անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, որ չեն թույլատրելու երթ՝ ասաց. «Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ պետք չէ գնալ բախման, մենք չենք ընկրկում, գիտենք, որ թույլատրելու կամ չթույլատրելու խնդիր չկա, շատ լավ գիտենք օրենքները, սակայն ավելորդ լարվածություն թույլ չտալու համար շարունակում ենք Ազատության հրապարակում որպեսզի միասին աշխատանք իրականացնենք»։
20.36
Ոստիկանությունը երթերն արգելելու է. Վ. Օսիպյան
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց, որ հրապարակից դուրս ցանկացած գործողություն, օրինակ՝ երթերը, կդիտվեն անօրինական, քանի որ դրանք անթույլատրելի են, և ոստիկանությունը արգելելու է։
«Հորդորում ենք մեր քաղաքացիներին, որոնք գիտակից են, դիմեն քաղաքապետարան և ստանան համապատասխան թույլտվություն»,-ասաց նա։
20.20
Ազատության հրապարակում քաղաքական հարթակ կձևավորվի
Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ինքը հացադուլ է սկսում Ազատության հրապարակում այնքան ժամանակ, մինչ հայ ժողովուրդը գա և միասին շարժվեն Բաղրամյան պողոտա։
Ակտիվիստներից մեկն էլ նշեց, որ կմնան Ազատության հրապարակում և քաղաքական հարթակ կձևավորեն՝ լսելու տարբեր կարծիքներ։
20.07
Երևանի Ազատության հրապարակում ընթանում է էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը։ Ցուցարարներն այստեղ են տեղափոխվել Բաղրամյան պողոտայից, որը բողոքի ցույցերի պատճառով փակ էր շուրջ 2 շաբաթ։
Այսօր ավելի վաղ ոստիկանությունն ապամոնտաժել էր այնտեղ որպես բարիկադ տեղադրված աղբամանները, հեռացրել կենդանի պատ կազմած ցուցարարներին և վերականգնել պողոտայի երթևեկությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հիմնադրամը հունիսի 17-ին որոշում էր կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները:
Նախագահ Սարգսյանը նշել էր, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Դրանից հետո ակցիաների կազմակերպիչ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշել էին գալ ու ակցիան շարունակել Ազատության հրապարակում, սակայն ցուցարարների մի մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում:










