Հունաստանի՝ հրաժարական տված ֆինանսների նախարարը որոշել է դասավանդել Տեխասում. ԶԼՄ-ներ
Երկուշաբթի օրը Հունաստանի ֆինանսների նախարարի պաշտոնից հրաժարական տված Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կվերադառնա ԱՄՆ, որտեղ կրկին տնտեսագիտություն կդասավանդի Տեխասի համալսարանում, գրում է ria.ru-ն:
«Նա արդեն հայտարարել է, որ իրեն այլևս ոչինչ չի պահում Աթենքում և որ նա մտադիր է մոտ ժամանակներս վերադառնալ Տեխաս՝ տնտեսագիտության ամբիոն»,- Հունաստանի մայրաքաղաքից հայտնել է RTBF-ի թղթակիցը։
Երկուշաբթի օրը Վարուֆակիսը հայտարարել է իր հրաժարականի մասին: Տարածված հայտարարությունում ասվում է, որ նա դա անում է, որպեսզի օգնի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հասնել միջազգային վարկատուների հետ ավելի լավ համաձայնության, քանի որ եվրոգոտու երկրների շատ ֆինանսների նախարարներ «կգնահատեին» նրա բացակայությունը բանակցություններին:
Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել ընտրողների 61.31%-ը, կողմ է արտահայտվել 38.69%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5.8%-ը։










