Նյու Յորքի իշխանությունները 330.000 դոլար կվճարեն Occupy Wall Street շարժման մասնակիցներին
RAMIN TALAIE/EPA/ИТАР-ТАСС
Նյու Յորքի իշխանությունները համաձայնել են «Occupy Wall Street» շարժման վեց մասնակիցների 330 հազար դոլար վճարել՝ ցանկանալով կարգավորել անհամաչափ ուժի կիրառմամբ և քաղաքի ոստիկանության կողմից վնասվածքներ հասցնելու մասին նրանց հայցերը: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է փաստաբան Մարկ Թեյլորը, ով ներկայացնում է ցուցարարների շահերը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք կարծում ենք, որ դա լավ փոխհատուցում է այն վնասվածքների համար, որոնք հասցվել են իմ հաճախորդներին»,- ասել է նա:
Թեյլորի խոսքով՝ իր պաշտպանյալներից յուրաքանչյուրը կստանա 52-ից 60 հազար դոլարի չափով գումար:
Նյու Յորքի արդարադատության բաժնի ներկայացուցիչ Նիկոլաս Պաոլուչին իր հերթին ընդգծել է, որ «այդ գործը կարգավորելը բխել է քաղաքի շահերից»։
Ինչպես նշել են հայցը ներկայացրած ակտիվիստները, ոստիկանության աշխատակիցներից մեկը ցուցարարների խումբը հետ պահելու փորձի ժամանակ ուժ է կիրառել և նրանց աչքերի մեջ արցունքաբեր գազ ցանել: Այդ միջադեպը նկարահանել է ցուցարարներից մեկը և հետագայում տեղադրել համացանցում:










