Այսօրվա երիտասարդությունն ապացուցեց, որ ինքը հանցավոր հանգստի տրված չէ. Գագիկ Գինոսյան
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը այսօր հրավիրված ասուլիսը սկսեց «հայոց ռազմի մարգարե» Գարեգին Նժդեհի խոսքով. «Վայ այն ժողովրդին, որ իր իրավունքները զոհաբերում է հանուն հանցավոր հանգստի և ոչ թե հակառակը»: «Այսօրվա երիտասարդությունն ապացուցեց, որ ինքը հանցավոր հանգստի տրված չէ»,- ասաց նա:
Նա մեջբերեց զոհված ազատամարտիկ Սիմոն Աչիգյոզյանի կնոջ խոսքերը, ով գրել էր, թե ԱՄՆ-ին, ՌԴ-ին և ՀՀ իշխանություններին բաժինն են հասել երիտասարդության թերմացք, այսինքն՝ տարիներ շարունակ գրանտներ են հրամցրել, գումարներ են ներդրել, որ երիտասարդությանը գրպանեն, բայց այնուամենայնիվ չեն հաջողել:
Գինոսյանը նկատեց, թե կարևոր շրջադարձային երևույթ էր նստացույցը, երբ շատ շատերը հասկացան, որ կա մի խավ, շերտ, որին հնարավոր չէ գրպանել: Նա հիշեց ջրցան մեքենայի գործի դնելու օրը, երբ ժողովրդի միջից դուրս եկան քաղաքացիական հագուստով ոստիկանները, և բոլորը հասկացան, որ ինչ-որ մի բան կատարվելու է, բայց պողոտայից ոչ ոք չհեռացավ: «Կանգնեցին, ջրվեցին, ծեծ կերան ու բերման ենթարկվեցին, բայց, այսպես ասած, մարտի դաշտից ոչ ոք չհեռացավ, սա կարևոր ենթադրություն է»,- ասաց նա:
Գինոսյանը նշեց, թե կարևոր է, որ այդ հոգեբանությունը չկորցնեն, և իմանան, որ երկրի տերը իրենց ճակատագրի տերն իրենք են, և իրենք են կանգնելու համառությամբ պարտադրեն բոլոր այն մարդկանց, ովքեր երկրի ճակատագիրն է որոշում, որ դա լինի հայ մարդու ապագան կերտելու համար ցանկալի:
Հարցի լուծումը Գագիկ Գինոսյանը տեսնում է թերևս ոլորտի ազատականացմամբ, որպեսզի զրկեն մենաշնորհից, որից ելնելով որևէ Բիբին չի կարող ամենաթողություն թույլ տալ իրեն, և կիմանա, որ մրցակից ընկերություն կա, որը սպասում է իր բացթողմանը:










