Ավելի ճիշտ կլինի վարձակալության տրված գյուղտեխնիկան նվիրենք գյուղացիներին ավարտենք. վարչապետը
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ճապոնիայի կառավարության 4-րդ դրամաշնորհի հաշվին տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման ժամկետների փոփոխման մասին» որոշման նախագիծը:
Վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետների լրանալու հետ կապված անհրաժեշտություն է առաջացել սահմանել դրանց հետագա տնօրինման կարգը, որը հետագայում մասամբ բավարարվել է որոշման ընդունմամբ, սակայն ներկայումս խնդիր է առաջացել մնացած 28 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման հարցում:
Նախարարն ասաց, որ որոշման արդյունքում գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին հնարավորություն կտրվի ձեռք բերել այդ 28 միավոր գյուղացիական տեխնիկան: Նա պարզաբանեց, 2001 թվականից դրամաշնորհով 58 տրակտոր վարձակալության է տրվել գյուղացիական տնտեսություններին՝ տասը տարի ժամկետով նրանից հետո ձեռք բերման հնարավորությամբ:
«Հիմա տասնհինգ տարի է անցել, ի՞նչ եք անելու»,-արձագանքեց վարչապետը, որին ի պատասխան նախարարն ասաց, որ 2011 թվականին այդ հարցը բարձրացվել է, որպեսզի մեկ տրակտորը չորս հարյուր հազար դրամով վաճառվի իրենց, իսկ եթե չեն ցանկանում գնել, դա կդրվի աճուրդի: Նա նշեց, որ մարդիկ կային, որ վարձավճարներն էլ չէին վճարել:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կարծում է, որ հարցը պետք է հետաձգել մինչև նոյեմբեր՝ նորից այն քննարկելու համար: «Ավելի ճիշտ կլինի այն նվիրենք գյուղացիներին ավարտենք, տասնհինգ տարի օգտագործում են հետո պետք է վերցնենք դնենք աճուրդի, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա և նորից կրկնեց, որ լրացուցիչ քննարկելու անհրաժեշտություն կա, քանի որ անիմաստ է համարում այդքան տարի հետո հետ վերցնել տեխնիկան ու դնել աճուրդի:










