Հունաստանը մինչև հինգշաբթի պետք է առաջարկ ներկայացնի. Մերկել
Մինչև հինգշաբթի Հունաստանը պետք է մանրամասն առաջարկ ներկայացնի օգնության նոր ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոգոտու գագաթաժոովի ավարտից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք ակնկալում ենք, որ հունական կառավարությունն ամենաուշը մինչև հինգշաբթի մանրամասն առաջարկ կներկայացնի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ծրագիրը»,- ասել է նա։
Կանցլերի խոսքով՝ Հունաստանի երկրորդ օգնության ծրագիրը, որի ժամկետն ավարտվել է հունիսի 30-ին, այլևս գոյություն չունի։
«Դա նշանակում է, որ այժմ խոսքը բազմամյա ծրագրի մասին է, որը դուրս է գալիս նախորդ ծրագրի շրջանակներից, որի մասին մենք քննարկում էինք դեռևս 10 օր առաջ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Աթենքը չի վճարել Արժույթի միջազգային հիմնադրամին ունեցած 1,54 միլիարդ եվրո պարտքը։
Անցած կիրակի տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել հույն ընտրողների 61.31%-ը, կողմ է արտահայտվել 38.69%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5.8%-ը։










