«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը հայտնել է՝ որքան է թռիչքների համար ծախսել Սաակաշվիլին
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հրապարակել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի թռիչքների մասին տվյալները և ձեռքբերված տոմսերի գները։
Դա տեղի է ունեցել երեքշաբթի օրը Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է korrespondent.net-ը։
Ավելի վաղ Սաակաշվիլին Ենթակառուցվածքների նախարարությունում նիստի ժամանակ մեղադրել է Պետական ավիացիոն ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկին կոռուպցիայի համար: Նա հայտարարել է, որ «բաց երկնքի» սկզբունքը ոչինչ չի փոխի, և տոմսերի գները նույնքան բարձր կլինեն, «եթե հետագայում էլ առանձին ընկերությունների չվերթների մենաշնորհ լինի»։
«Ես վճարում եմ լավագույն դեպքում 160-170 դոլար, իսկ սովորաբար՝ 250-300 դոլար էկոնոմ դասի համար, այն պետք է առնվազն երեք անգամ ավելի էժան լինի»,- ասել է Սաակաշվիլին։
Ավիաընկերության դիտորդական խմբի ղեկավար Արոն Մայբերգի խոսքով՝ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունիսի 30-ը Սաակաշվիլին թռել է նրանց չվերթներով 33 անգամ:
«Մեզ համար նա շատ հարգված ուղևոր է: Չվերթներից 17-ը նա թռել է էկոնոմ դասով, 16-ը՝ բիզնես դասով»,- ասել է նա՝ հերքելով գների բարձր լինելու մեղադրանքները, ինչպես նաև մի շարք չվերթների մենաշնորհային դիրքը։










