Պաղպաղակների մակնշումը սխալ է, որոշ դեպքերում ամսաթիվ էլ չի նշվում տուփերի վրա, կամ բաղադրությունը լիարժեք չէ. Կ. Չիլինգարյան
Ոչ միայն պաղպաղակը, այլ ընդհանրապես սննդամթերքն այդքան էլ պաշտպանված չէ համապատասխան կառույցների կողմից: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Սննդամթերքի անվտանգության ծառայությունը կարելի է ասել, որ գրեթե բան չի անում կամ ձևական բնույթ է կրում իր կատարած աշխատանքով»,- ասաց նա:
Մասնավորեցնելով ամառվա ընթացքում ամենաշատ սպառվող մթերքներից մեկի՝ պաղպաղակի թեման, Կարեն Չիլինգարյանն ասաց, որ շատ դեպքերում պաղպաղակների մակնշումը սխալ է, որոշ դեպքերում նույնիսկ ամսաթիվ չի նշվում տուփերի վրա, կամ բաղադրությունը լիարժեք չէ:
Կարեն Չիլինգարյանը միաժամանակ նշեց, որ տարբեր արտադրողների մոտ տարբեր խնդիրներ կան:
«ՍԱՊԾ-ն մեզ չի էլ հրավիրում ստուգումներին, ինչպես դա արվում էր նախկինում: Հիմա այնպիսի տպավորություն է, որ ընդհանրապես ՍԱՊԾ-ն կամ գոյություն չունի, կամ ինքնուրույն է անում ամեն ինչ»,- նկատեց սպառողների շահերի պաշտպանը:










