Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետները

19:35 • 09.07.15

Հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված  հարցերի լայն շրջանակ:  Երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը  և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները: Անդրադարձ  է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին: Վարչապետները քննարկել են  նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկու երկրների վարչապետները կարևոր են համարել  Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը:


Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը  քննարկել են  նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին և ԵՏՄ շրջանակում համագործակցությանն  առնչվող հարցերն ու ծրագրերը:


Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի  հետագա ամրապնդման  ու զարգացման  հնարավորություններին առնչվող  բազմաթիվ հարցեր: