Աթենքը Եվրախմբին է ուղարկել բարեփոխումների իր նախագիծը
Հունաստանի կառավարությունը Եվրախմբի ղեկավարությանն է ուղարկել բարեփոխումների իր նախագիծը։ Այս մասին հայտնել է հունական պետական ERT1 հեռուստաընկերությունը։
Նրանց տվյալներով՝ առաջարկներն ուղարկվել են էլեկտրոնային փոստով՝ Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի անունով։ Եվրախմբի ղեկավարի ներկայացուցիչը հաստատել է հունական առաջարկներն ստանալու փաստը, գրում է Deutsche Welle-ն։
Հունական ԶԼՄ-ների տվյալներով՝ հուլիսի 10-ին բարեփոխումների առաջարկները կքննարկվեն Աթենքի խորհրդարանում։ Ընդ որում՝ ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, խորհրդարանականները ստիպված կլինեն քվեարկել 2 անգամ։
Նախ, պատգամավորները պետք է թույլ տան կառավարությանը վարկատուների հետ բանակցություններ անցկացնել։ Քվեարկությունը կկայանա ուրբաթ։ Այնուհետև խորհրդարանականները պետք է հաստատեն առաջնահերթ գործողությունների պլանը։ Երբ կկայանա այս քվեարկությունը, դեռևս հայտնի չէ։










