Սաակաշվիլին իր տեղակալ է նշանակել 25 տարեկան ակտիվիստ աղջկան, ով Մայդանի օրերին իր տեսանյութով ցնցել էր համացանցը (տեսանյութ)
Ուկրաինայում Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր տեղակալ է նշանակել Եվրամայդանի 25 տարեկան ակտիվիստ Յուլիա Մարուշևսկայային և «Роснефть» ռուսական կորպորացիայի ուկրաինական գրասենյակի նախկին նախագահ Վլադիմիր Ժմակին, գրում է korrespondent.net-ը:
Այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում: Սաակաշվիլին նշել է, որ Մարուշևսկայան հայտնի է դարձել իր տեսահոլովակներով և հեռուստատեսային ելույթներով ուկրաինական և արտասահմանյան հեռուստաալիքներով: Նրա խոսքերով՝ նա վերջին տարվա ընթացքում ուսանել է ԱՄՆ համալսարաններում:
«Յուլիա Մարուշևսկայայի ուղերձ-տեսահոլովակը պայթեցրել է սոցիալական ցանցերը և ողջ աշխարհում ուկրաինացիների պայքարի նկատմամբ համակրանքի ալիք է առաջացրել և նրան միջազգային ճանաչում բերել: Նա շատ ակտիվ էր քաղաքացիական շարժմանը: Այժմ նա Օդեսայի նահանգապետի տեղակալն է և ղեկավարում է նոր մարդկանց հավաքագրման մրցույթները»,- գրել է Սաակաշվիլին:
Օդեսայի նահանգապետը հայտնել է, որ երկու տեղակալները խոսում են մի քանի օտար լեզուներով, բացի այդ, իր թիմում արդեն արևմտյան կրթությամբ 10-ից ավելի մարդ կա:
«Մենք աշխատանքի ենք հրավիրում Օդեսայի տաղանդավոր բնակիչների և ուկրաինացիների։ Մեր թիմ բոլորի համար բաց մրցույթի միջոցով, մարդկանց, կարևոր չէ՝ ուկրաինական, թե արտասահմանյան կրթությամբ, կարևորը՝ որ լինեն պարկեշտ ու հայրենասեր և կարողանան ստեղծագործաբար մոտենալ գործին»,- գրել է նա:










