«Աուշվիցի հաշվապահ» Օսկար Գրենինգը դատապարտվել է չորս տարի ազատազրկման

15:40 • 15.07.15

Նախկին էսէսական 94-ամյա Օսկար Գրենինգը չորս տարվա ազատազրկման է դատապարտվել՝ համակենտրոնացման Աուշվից ճամբարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 300 հազար մարդու սպանության մեջ ներգրավվածության համար, գրում է ria.ru-ն:

 

Նման դատավճիռ է կայացրել չորեքշաբթի օրը դատարանը Լյունեբուրգ քաղաքում երեք ամիս լսումներից հետո, որոնք սկսվել են ապրիլի 21-ին:

 

Դատավարության ընթացքում Գրենինգը երկու անգամ հայտարարություն է արել այն մասին, որ «ընդունում է բարոյական մեղքը» համակենտրոնացման ճամբարում մարդկանց սպանության համար: Դատախազությունը Գրենինգի համար որպես պատիժ պահանջում էր 3,5 տարվա ազատազրկում:

 

Գրենինգը, ով հաշվապահ է աշխատել համակենտրոնացման ճամբարի գրասենյակում, զբաղվել է ճամբար ժամանող բանտարկյալների մոտից առգրավված գումարի գրանցմամբ: Նա ներկա է եղել նաև նոր բանտարկյալների ժամանման ժամանակ ընդունման կետում: