Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքից ավելի քան 1500 ընտանիք է տարհանվել
Մեկ օրվա ընթացքում Իրաքի Անբար շրջանի Էլ-Ֆալուջա քաղաքից ավելի քան 1500 ընտանիք է տարհանվել։
Կառավարական զորքերն այնտեղ հարձակողական գործողություն են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Հաքիմ ազ-Զամիլին:
Նրա խոսքերով՝ «բանակը հատուկ անվտանգության միջանցք է ստեղծել ավելի քան 1,5 հազար ընտանիքի տարհանման համար, ովքեր փորձել են դուրս փախչել քաղաքից, որը մինչև հիմա գտնվում է ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ»: Ազ-Զամիլին հավելել է, որ Էլ-Ֆալուջայից փախածների մեծամասնությունը ուղևորվում է երկրի մայրաքաղաք՝ Բաղդադ:
Իրաքի խորհրդարանի պատգամավորը նաև հայտնել է ռազմական գործողությունների շրջան «նոր տեխնիկայի» ժամանման մասին, որի մարտ մտնելը վերջնականորեն կկոտրի քաղաքում թաքնվող իսլամիստների դիմադրությունը:










