Սփյուռքի նախարարությունում հյուրընկալել են Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաներին

15:28 • 16.07.15

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն այսօր ընդունել է Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաներին՝ վարժարանի հայերեն ծրագրի պատասխանատու Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ, տեղեկացնում է նախարարության կայքը:

 

Նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշել է. «Սիրելի´ երիտասարդներ, ուրախ եմ ողջունելու ձեզ Սփյուռքի նախարարությունում: Ցանկացած հայկական վարժարան, այդ թվում և «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը մեզ համար սփյուռքի կարևորագույն կրթօջախներից է, որը ունի մեծ ավանդ Սփյուռքում երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության գործում»:

 

Սրապիոնյանը կարևորել է նաև Մհեր Գարագաշյանի դերը՝ երիտասարդների կապը մայրենի լեզվի և հայկական արմատների հետ ամուր պահելու գործում:
 

Այնուհետև վարժարանի սաները պատմել են Հայաստանում անցկացրած անմոռանալի օրերի և իրենց տպավորությունների մասին:

 

Հանդիպման ավարտին ներկաները դիտել են Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին տեսաֆիլմ:
 

«Սուրբ Հակոբ» ազգային  վարժարանը հիմնադրվել է 1974թ.-ին: Այն համարվում է Քվեբեկի 10 լավագույն դպրոցներից մեկը: Վարժարանում գործում է նաև մանկապարտեզ: Միջնակարգ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 700-ի: