Մինչ այժմ մշակված սահմանադրություններից ոչ մեկը չի ծառայել պետությանն ու ժողովրդին. Արմեն Մարտիրոսյան

11:28 • 17.07.15

 

Սահմանադրական փոփոխությունների՝ օրերս ներկայացված նախագծի հայեցակարգից «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բրեժնևյան սահմանադրության տպավորություն է ստացել:


Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչու, հեգնելով. «Կարծում եմ՝ տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել, և գրողները մոռացել են մեկ կետ ավելացնել, որ Հանրապետական կուսակցությունն առաջատար քաղաքական ուժ է: Անհրաժեշտ էր դա գրել ու ավելացնել, որ ինքը խորհրդարանում իր մեծամասնությունն է ունենում, և դրանից հետո կարելի էր ընտրություններ չանցկացնել, որովհետև այն կայունությունը, որն ինքն ուզում է, դրանով ավելի մեծ կայունություն կապահովվեր: Եվ պաշտոններն էլ կարող էին ժառանգաբար փոխանցել: Այդ դեպքում ևս կայունությունը 100 տոկոսանոց կլիներ»:


Հիշեցնենք, որ  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունը հրապարակել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը,  որով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին, թեև մնում է ավելի թույլ լիազորություններով նախագահի ինստիտուտը՝ ընտրիչների միջոցով:


Իսկ վարչապետին էլ տրվում են ավելի ընդլայնված լիազորություններ:


4-րդ գլխում նշվում է, որ Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից: ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անց է կացվում քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած 2 կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:


Նաև սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամկետով:


Արմեն  Մարտիրոսյանը վստահ է, որ այս փոփոխություններով կառավարման արդյունավետությունը զրոյական է լինելու:

 

«Մոգոնել են ինչ-որ երկրորդ փուլ, որը ժողովրդավարության հետ որևէ կապ չունի և գոյություն չունի եվրոպական պառլամենտական երկրում , քանի որ այդ տարբերակով իսպառ բացառվում են կոալիցիաները, իսպառ բացառվում են  որոշակի հարցերի շուրջ բախումները, առողջ մրցակցությունը: Եվ դրա արդյունքում՝ կոալիցիաների փլուզումն ու նոր կոալիցիաների ձևավորումը: Ինքը, ըստ էության, թույլ չի տալիս քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծում նաև արտահերթ  ընտրությունների միջոցով»,-թվարկեց Արմեն Մարտիրոսյանը:


Արմեն Մարտիրոսյանը մինչև բովանդակությանն անցնելը ներկայացրեց ևս մի քանի փաստարկ, որոնցից առաջինն այն էր, որ Հանրապետական կուսակցությունը կամ ՀՀ Նախագահն իրենց նախընտրական ծրագրերում  սահմանադրական բարեփոխումների մասին չեն խոսել և նման քաղաքական ծրագիր չեն ունեցել:

 

«Երկրորդ, առհասարակ, սահմանադրական փոփոխությունների իրավունք ունեն իշխանությունները, բայց քանի որ Հայաստանում իշխանությունները լեգիտիմ չեն, բնականաբար, այդպիսի գործընթաց իրականացնելու ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական իրավունքը չունեին»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:


Վերջինիս ամփոփոխմամբ՝ սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ է իրականացնել, բայց դրանք անհրաժեշտ է իրականացնել միայն մեկ նպատակով՝ եթե այն ծառայելու պետությանն ու ժողովրդին: Սակայն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, մինչև հիմա մշակված և ընդունված սահմանադրություններից և ոչ մեկը այդ նպատակին չի ծառայել: