«Այբ» և «Լույս» հիմնադրամները ՀԲԸՄ-ի հետ համատեղ իրականացնում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ծրագրերը

13:59 • 17.07.15

Աշխարհի առաջատար տեխնոլոգիական համալսարանի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) հետ հաստատված համագործակցությունը նշանավորելու համար «Այբ» կրթական հիմնադրամը, «Լույս» հիմնադրամը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում ներկայացվեց համատեղ ծրագրերի կարևորությունը:


«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի՝ կրթության հարցերով խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանն ասաց, որ «Լույս» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին ներկայացրել են կրթական շատ կարևոր մի նախաձեռնություն:


«Դրանցից մեկը ՄՏԻ-ի կողմից մշակված «շրջված դասասենյակ» ծրագիրն է, որը մասն է կազմում ՄՏԻ-ի գիտական գլոբալ նախաձեռնությունների: Այս ծրագիրն արդեն շատ արդյունավետ կերպով տարածվում է ամբողջ աշխարհում»,-տեղեկացրեց նա:


Մեսրոպ Արամյանն ասաց, որ ծրագրի գաղափարը հետևյալի մեջ է. «Շրջված դասասենյակում» աշակերտները ոչ թե գալիս են ինչ-որ նոր բան լսելու, այլ գալիս են նախապես նյութն ուսումնասիրած: Օնլայն ռեսուրսների միջոցով իրենց տրվում է նյութը, նրանք ուսումնասիրում են, և դրանից հետո արդեն այդ դասապրոցեսը վերածվում է համատեղ ուսումնասիրության: Ուսուցիչն ու աշակերտը միասին շարժվում են գիտելիքի ճանապարհով»։


Մեսրոպ Արամյանի հավաստմամբ՝ այս ծրագիրը շատ արդյունավետ է, որովհետև երբ նախապես պատրաստված ես, կատարում ես քո փոքրիկ ուսումնասիրությունը և հետազոտությունը, դասաժամի պրոցեսն արդեն շատ արդյունավետ է անցնում և շատ ավելի անկաշկանդ ու ընկերային մթնոլորտում:


«Այս ծրագրի շրջանակներում մենք հավաքել ենք լավագույն դպրոցների աշակերտներին, որ հետո իրենք իրենց դպրոցներում պատմեն տեղի ունեցածի մասին, գուցե հետո իրենց ուսուցիչների հետ մի փոքր փոխեն կարծրացած մեթոդաբանությունը»,-ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:


Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին նաև կրթության գերազանցության ազգային ծրագրի վերջին զարգացումները:
 

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վասկեն Յակուբյանը, խոսելով համատեղ աշխատանքների կարևորության մասին, ասաց, որ մեկ նպատակ կա՝ սփյուռքում պահպանել հայկական մշակույթը, ազգությունը և ինքնությունը:


«Վերջին քսան տարիների ընթացքում հաջող ծրագրերի թիվը շատանում է հատկապես ուսումնական ոլորտում»,-ասաց Վասկեն Յակուբյանը՝ հավելելով, որ ռեսուրսները համատեղվեն և համադրվեն:
 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Գիտության և տեխնոլոգիայի միջազգային նախաձեռնություններ» ծրագրի ղեկավար Սերենելա Սվերցան էլ ասաց հետևյալը. «Մեր ծրագրի գլխավոր նպատակն է, որպեսզի երեխաներն իրենց տեսական գիտելիքներն օգտագործեն գործնական նպատակում: Ես հիացած եմ հայ ուսանողների մակարդակով»: