Չինաստանում փորձարկել են մտքի ուժով ղեկավարվող ավտոմեքենա
Չինաստանի Տյանցզինում Նանկայ համալսարանից հետազոտական խումբը փորձարկել է իր ստեղծած ավտոմեքենան, որը հարկավոր է ղեկավարել մտքի ուժի օգնությամբ, գրում է gazeta.ru-ն:
Մտքի ուժով մեքենայի հեռավոր կառավարման համակարգը ստեղծվել է չինական Great Wall Motor ավտոարտադրողի հետ համագործակցությամբ: Մեքենայի թեստավորումը հաջողությամբ կայացել է հուլիսի 15-ին: Փորձնական ուղևորության ընթացքում մեքենան ղեկավարող մարդը եղել է մեքենայի սրահում գլխին համապատասխան սարքով:
Ավտոմեքենան ղեկավարվում է 16 սենսորներով սարքի միջոցով, որոնք փոխանցում են ուղեղի ազդանշանները հրամանների մշակման համակարգ: Փորձարկումների ժամանակ «ուղեղային կենտրոնը» տեղափոխում էր մեքենան հետ ու առաջ, ինչպես նաև բացում ու փակում էր դռները:










