Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի Հանրապետության պատվիրակությանը

14:14 • 17.07.15

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ:

 

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարևորել է հայ-կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար:
 

Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Կորեայի հավասարակշիռ մոտեցումը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ: ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի ծավալած հայանպաստ գործունեությանը:
 

Գալուստ Սահակյանը խոսել է նաև Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նախաձեռնության մասին, որով կոչ է արվում աշխարհի խորհրդարաններին՝ դատապարտելու ցեղասպանություններն ամբողջ աշխարհում:

 

Նո Յուն Մինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մինչ խորհրդարան այցելելը իր գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել թանգարան-ինստիտուտում տեղ գտած նմուշներին և մեծ ցավ ապրել՝ հայ ժողովրդի ողբերգության վկայությունները տեսնելով: Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Կորեան և Հայաստանը բախտակիցներ են այդ առումով:

 

Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն Ազգային ժողովի նախագահին է նվիրել իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություններ» գիրքը, որի առաջին գլուխը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

 

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը հայ-կորեական բարեկամական կապերի ամրապնդման համար Նո Յուն Մինին պարգևատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով: