ԱՄՆ-ից ժամանած բուժքույրերն իրենց փորձը փոխանցեցին գյումրեցի մասնագետներին
Ամերիկայից ժամանած բուժքույրերն իրենց փորձը փոխանցեցին գյումրեցի մասնագետներին:
«Գյումրի» բժշկական կենտրոնում «Հայաստանի բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության և «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության Գյումրիի մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար-պարապմունք ԱՄՆ-ից ժամանած մասնագետների մասնակցությամբ:
«Բուժքույրական արդի հարցերը» թեմայով սեմինարի ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք ավելի շատ են մտահոգում տեղի միջին բուժանձնակազմին՝ վերջիններիս ընտրությամբ ամերիկացի մասնագետները ներկայացրեցին շաքարախտի դեպքում բուժքրոջից պահանջվող գործողությունները: Որպես երկու երկրների բուժքույրական համակարգերի հիմնական տարբերություն շեշտվեց այն փաստը, որ Հայաստանում բուժքույրերն ավելի բազմապրոֆիլ են, մինչդեռ ԱՄՆ-ում՝ հատուկ մասնագիտացված:
Լոս Անջելեսի բժշկական համալսարանի տնօրեն, պրոֆեսոր Սալբի Ագարակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում 1996 թվականին ստեղծված «Բուժքույրերի միավորում»-ը նպատակ ուներ միավորելու Հայաստանի բուժքույրերին՝ նրանց հնարավորություն տալով ծանոթանալու ինչպես մայրաքաղաքի առաջատար կլինիկաներում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում արձանագրվող առաջընթացներին և արդի չափորոշիչներին: «Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1988 թվականի երկրաշարժից հետո և այս 25 տարիների ընթացքում ոլորտում շատ փոփոխություններ են եղել, անխոս, անելիքներ դեռ շատ կան, բայց ամենուր է այդպես՝ չկա մի տեղ, որ ասենք, որ գագաթնակետին ենք հասել: Հայաստանում էլ նույնն է: Առաջընթաց շատ է գրանցվել առողջապահության բոլոր ճյուղերում, միայն պետք է համբերատար լինենք և ավելին անենք»,- նշեց Սալբի Ագարակյանը: Կալիֆոռնիայի Հանրային համալսարանի դասախոս, բուժքույր, Լոս Անջելեսի «Հայ բուժքույրերի կազմակերպության» ատենապետուհի Զարմինե Նաքաշյանը տեղեկացրեց, որ նմանատիպ հանդիպումների նպատակը մեկն է՝ Հայաստանում բարձրացնել բուժքույրերի մակարդակը՝ դարձնելով ԱՄՆ չափորոշիչներին համապատասխան»,- նշեց Զարմինե Նաքաշյանը:
Սեմինար-պարապմունքի նախաձեռնությունը «Հայաստանի բուժքույրերի միավորում» կազմակերպությանն է, որը ստեղծվել է՝ նպատակ ունենալով միավորել ոչ միայն Երևանի այլ նաև հանրապետության մարզերի բուժքույրերին: Խոսելով Գյումրիում բուժքույրերի պատրաստվածության մասին՝ կազմակերպության նախագահ Գեղանուշ Ստեփանյանը հավաստիացրեց, որ վերջիններս շատ պատրաստված են: «Մեկ ամիս եղել եմ Գյումրիի բժշկական կենտրոնում դասախոսությունների և համոզվել, որ շատ պատրաստված են և ամեն կարևորը՝ շատ պատասխանատու:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում բուժքույրական գործը բավական առաջխաղացում է գրանցել: Բավական լավ քույրեր ունենք, ովքեր նաև կրթում ու սովորեցնում են: Մեր բուժքույրերը բավական գիտելիքներ ունեն՝ ժամանակակից զարգացումների վերաբերյալ, իսկ նմանատիպ փորձի փոխանակումներն, անխոս, կնպաստեն նրանց աշխատանքային հմտությունների զարգացմանը»,-ավելացրեց Գեղանուշ Ստեփանյանը :










