Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ մեկնած առողջապահության նախարարը եղել է նաև Մարտունու ծննդատանը

11:03 • 18.07.15

Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցելության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ եղավ նաև Մարտունու ծննդատանը. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Նախարարը շրջեց տարածքում, այցելեց նորածիններին և նրանց մայրերին: Բուժաշխատողների հետ զրույցում նախարարն իր գոհունակությունը հայտնեց ծննդատան ղեկավարությանը հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար:

 

«Իրականում շատ դժվար, հայրենասեր աշխատանք եք կատարում, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Դուք ձեր գործի նվիրյալներն եք»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:


Նշենք, որ Մարտունու ծննդատանը տարեկան գրանցվում է ավելի քան 1200 ծնունդ: Բժշկական կազմակերպությունը վերանորոգվել է 1996 թվականին` իտալացի բարերարների միջոցներով: Այն Գեղարքունիքի մարզի լավագույն ծննդատներից մեկն է, որն ունի ծննդաբերական, գինեկոլոգիական, վիրահատական, կլինիկո-լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև կանանց կոնսուլտացիա:


Ծննդատանը աշխատում է շուրջ 100 բուժաշխատող: Տնօրինության հավաստմամբ` քայլեր են ձեռնարկվում մատուցվող ծառայությունների ծավալները ընդլայնելու, անձնակազմի որակավորումը բարձրացնելու ուղղությամբ: Ծննդատանը կատարվում է նաև մարզի բժիշկների և բուժքույրերի վերապատրաստում: