Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը կկայանա հուլիսի 23-ին

21:09 • 22.07.15

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը, որում քննարկվում էր Հայոց ցեղասպանության բանաձևը, ավարտվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքը, բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 23-ին:


Քննարկման ավարտից առաջ ելույթ ունեցած Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենը նշեց, որ  Բելգիայի Ներկայացուցիչների պալատը պետք է հստակ կիրառի անհրաժեշտ տերմինը և 1915 թվականին տեղի ունեցածն անվանի Ցեղասպանություն:


Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսն էլ ընդգծեց, որ ընդունելով Հայոց ցեղասպանության բանաձևը` Բելգիան կշահի հանրության վստահությունը: «Հայոց ցեղասպանությունը կճանաչի նաև Թուրքիայի ձախակողմյան` «Հեղափոխական-սոցիալիստական աշխատավորական» (DSIP) կուսակցությունը: Կարծում եմ` առաջ շարժվելու միակ ճանապարհը դա է»,- ասաց Վան Հեեսը:


Նիստի ընթացքում ելույթով հանդես եկած բոլոր պատգամավորներն էլ չժխտեցին Հայոց ցեղասպանության փաստը և ներկայացրեցին իրենց կուսակցությունների դիրքորոշումները:

 

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»:


Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին:  Ավելի ուշ՝  հուլիսի 16-ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունը մտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ:

 

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել Վերին պալատի (Սենատի)մակարդակով: