Եգիպտոսի նախկին վարչապետին 5 տարվա ազատազրկման են դատապարտել
Եգիպտոսի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր Հոսնի Մուբարաքի կառավարությունում:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Reuters գործակալությանը հղումով, նախկինում Նազիֆին դատապարտել էին երեք տարվա ազատազրկման, որից հետո նա բողոքարկել էր Վերաքննիչ դատարանը` գործը վերանայելու համար:
Ահմեդ Նազիֆը մեղադրվում է ծառայողական դիրքի օգտագործմամբ խոշոր գումարի յուրացման մեջ: Նա պարտավորվում է տուգանք մուծել և երկրի գանձարանին վերադարձնել ապօրինաբար յուրացված 14 մլն դոլարը: Նշվում է, որ նա փետրվարից ազատության մեջ է եղել:
Ավելի վաղ Եգիպտոսի դատարանը գործի կրկնակի քննության ժամանակ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և նրա երկու որդուն դատապարտել է 3 տարվա ազատազրկման` դրամաշորթության գործով:










