Երևանում ոռոգման աշխատանքներն ընթանում են երկհերթ ժամանակացույցով

12:28 • 22.07.15

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ընդհանուր օգտագործման տարածքների խոտհունձն ու ոռոգումը` երկհերթ աշխատանքային  ժամանակացույցով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի  մամուլի ծառայությունը:

 

Գործընթացում մեկտեղվել են կանաչապատման և սանմաքրման ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ:
 

Ոռոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին տարածքների ջրամատակարարումը կազմակերպվել է խորքային հորերից: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները:
 

Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին և գործընթացի մյուս պատասխանատուներին հնարավոր հրդեհներից և հարակից տարածքների  ծխապատումից  խուսափելու նպատակով հանձնարարված  է  խիստ վերահսկողություն իրականացնել: Անգամ չոր խոտը հեռացվում է միայն խոտհունձի տարբերակով: