Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԲՀԿ Արմավիրի և Արագածոտնի կառույցների ներկայացուցիչների հետ

12:26 • 22.07.15

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանը հանդիպել են ԲՀԿ Արմավիրի մարզի Բաղրամյանի, իսկ այնուհետ ԲՀԿ Արագածոտնի մարզի Թալինի և Արագածավանի տարածքային կառույցների պատասխանատուների հետ, տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

 

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, ներկուսակցական, ինչպես նաև արդեն իսկ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների դրույթները։
 

Կառույցի պատասխանատուներն անդրադարձել են համայնքի բնակիչներին հուզող մի շարք սոցիալական խնդիրների։ Մասնավորապես՝ Արագածոտնի մարզում լրջագույն հիմնահարց է շարունակում մնալ հակակարկտային կայանների հարցը։

 

Ըստ տեղացիների՝ իրենց համայնքներում կարկուտը վնասել է ծիրանի ողջ բերքը և այսօր գյուղացուց անգամ 50 դրամով կարկտահարված ծիրանը հրաժարվում են մթերել։ Թե՛ Արմավիրում և թե՛ Արագածոտնի մարզում բնակիչները բարձրացրել են գյուղացիական վարկերի անընդունելի բարձր տոկոսների հարցը՝ ինչը սնանկացնում է հազարավոր ընտանիքների և ստիպում արտագաղթել։

 

Բնակիչներն առաջարկել են ԲՀԿ-ին հանդես գալ գյուղացիական վարկերի տոկոսների թույլատրելիության շեմը նվազեցնող-կարգավորող օրենսդրական նախաձեռնությամբ։ ԲՀԿ-ի հեղինակած՝ արդյունաբերական գոտիների օրենսդրական նախաձեռնության շրջանակում, բնակիչներն առաջարկել են նշյալ գոտիների մեջ ներառել նաև իրենց համայնքները, որտեղից առավել մեծ է արտագաղթի տոկոսը։
 

ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները խոստացել են բոլոր այդ լրջագույն խնդիրները ներառել իրենց օրակարգ և դրանք բարձրացնել պատկան մարմինների առաջ։