ԱԼԳ կիսանախագահական, նախագահական երկրներում կոռուպցիոն 3 ընդհանուր խնդիրներ կան. քննարկում

13:32 • 22.07.15

Կոռուպցիոն տեսնակյունից խնդիրները, որոնք ընդհանուր են ԵՄ Արևելյան գործըկնկերության 5 երկրների համար (Բելառուսի դեպքում ուսումնասիրություն չի կատարվել) վերաբերում է նախագահական և կիսանախագահական համակարգեր ունեցող երկրներում գործադիր իշխանության նկատմամբ զսպման և հավասարակշման անբավարար լինելն է, քաղաքականացված և անարդյունավետ համակարգի առկայությունը և սահմանափակումներն են քաղաքացիական հասարակության նկատմամբ:   
 

Այս մասին «Ինչպիսի՞ն է կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում 2015-ին» թեմայով այսօր հրավիրված քննարկմանը հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով կոռուպցիայի վերաբերյալ կազմակերպության վերջին զեկույցին:

 

«Այստեղ հիմնական շեշտը Ադրբեջանի վրա է դրված, որոշ չափով` Հայաստանի, մյուս երկրներում իրավիճակը համեմատաբար ավելի լավ է»,- հայտարարեց Վարուժան Հոկտանյանը և հավելեց, որ բացի ուսումնասիրությունից այդ երկրի իշխանություններին տրվել են հանձնարարականներ:

 

Ւ տարբերություն նախորդ զեկույցների, համեմատությունները եղել են ըստ երկրների, ոչ թե ռեգիոնալ համեմատություններ: Մասնագիտական տերմինաբանությամբ սա կոչվում է` օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրություն, և Հայաստանի վերաբերյալ արվել է երեք անգամ՝ 2000-ականների սկզբներին, 2008-ին` երկրորդ անգամ` մշակված նոր մեթոդաբանությամբ և երրորդն էլ ներառում է 2014 թ. հունիսի 30–ի դրությամբ ժամանակաշրջանը: 

 

Նախորդ տարիների հետազոտությունների հետ համեմատական պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի պարագայում  էական փոփոխություններ` առաջընթացի, առումով չեն արձանագրվել: Իսկ մի շարք համակարգերի նկատմամբ արձանագրել է ռեգրես:

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանն էլ մանրամասն կանգ առավ  Հայաստանի ցուցանիշների վրա: Մասնավորապես, 2014 թ. նշված  ժամկետի դրությամբ կոռուպցիայի չափման համաթվով 174 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ տեղը:


«Նշվում է, որ Հայաստանի համար հիմնական խնդիր է օլիգարխների առկայությունը և ստվերային տնտեսությունը, ինչպես նաև հովանավորչության հետ կապված խնդիրները»,-նշեց բանախոսը և մեջբերեց որոշ վիճակագրական տվյալներ:

 

Մասնավորապես, Հայաստանի բնակչության 82 տոկոսը հավատում է, որ հանրային հատվածում կոռուպցիան շատ լուրջ հիմնախնդիր է, և ընդամենը 21 տոկոսն է հավատում, որ կառավարությունը հակակոռուպցիոն լուրջ ջանքեր է գործադրում: Ինչպես նաև նշվում է, որ այդքան էլ հաշվետու և թափանցիկ  չէ ինչպես քաղաքական դաշտը, այնպես էլ բիզնես միջավայրը:
 

Դատական իշխանության հետ էլ կապված զեկույցում նշվում է, որ բնակչության 70 տոկոսը համարում է, որ այն անկախ չէ գործադիր իշխանությունից:
 

Զեկույցում նաև նշվում է, որ հարկային դաշտը բարենպաստ չէ քաղաքացիական հասարակության զարգացման առումով: Խոսելով այս ոլորտում հայաստանյան առանձնահատկությունների մասին՝ Վարուժան Հոկտանյանն ասաց. «Եվ ամենակարևոր խնդիրը նույն օրենսդիր տեսանկյունից, այն է, որ մենք չենք ունենում հովանավորներ ներսից, կամ քաղաքացիները նվիրատվություններ չեն անում»։
 

Որոշ առանձնահատկություններ կան բոլոր երկրների համար: Օրինակ` Վրաստանի պարագայում նշվել է, որ խորհրդարանական վերահսկողության առումով այս երկրի օրենսդիր մարմինը թույլ է: Կոնկրետ` Վրաստանի խորհրդարանի պատգամավորների հարցերին Վրաստանի կառավարությունը, որպես կանոն, չի պատասխանել:
 

Մարատ Ատովմյանը որպես ամփոփում նշեց, որ վաղուց ժամանակն է Հայաստանում «լուրջ, անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու» ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Եվ կոռուպցիայի դեմ պայքարը միայն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը չէ, այլ հակառուպցիոն դաստիարակությունը, կոռուպցիոն սխեմաների վերհանումն ու ներկայացումը, հետևողական աշխատանքը: