Սփյուռքի նախարարը մրցանակ է հանձնել «Ռադիո ԱՅԳ»-ի ներկայացուցիչներին

15:11 • 22.07.15

Հուլիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանը հանդիպել է «Ռադիո ԱՅԳ»-ի (ԱՄԷ) հիմնադիր Շաքե Մանգասարյանին, նրա քույրեր Սեդա, Լուսին Մանգասարյաններին և ռադիոյի խորհրդի մյուս անդամներին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

 

Հանդիպմանը մասնակցել են Կանադայի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ ազգային շաբաթօրյա վարժարանի սաները՝ դպրոցի փոխտնօրեն Արա Տեր-Հարությունյանի գլխավորությամբ:

 

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել «Ռադիո ԱՅԳ»-ի գործունեությունը հայապահպանության և ազգային արժեքների տարածման գործում:
 

«Առանց նյութական շահ հետապնդելու, սիրելի Շաքե, Դուք և Ձեր ողջ աշխատակազմը ժամանակ, ջանքեր ու մեծ եռանդ եք ներդնում հայ ազգային արժեքների պահպանության, Սփյուռքում երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության կարևոր գործում: Ուրախ եմ, որ հաջողությամբ համագործակցում եք նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի, ինչպես նաև հայաստանյան լրատվամիջոցների, մասնավորապես՝ «Երկիր Մեդիա» և «Արմենիա» հեռուստաընկերությունների և Հայաստանի ազգային ռադիոյի հետ՝ այդպիսով արևմտահայ լեզուն սփռելով Հայաստանում, իսկ արևելահայերենը՝ Սփյուռքի հայ համայնքներում»,– ասել է նա:
 

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ի դեմս Մանգասարյան քույրերի, «Ռադիո ԱՅԳ»-ին հանձնել է Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար մրցանակաբաշխության «Հայոց Ցեղասպանություն. 100-րդ տարելիցին ընդառաջ լավագույն հրապարակում» անվանակարգում ստացած մրցանակը:
 

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար՝ Շաքե Մանգասարյանը նշեց, որ Հայրենիք այցելությունը և այս մրցանակը նոր խթան կհանդիսանան «Ռադիո Այգ»-ի ողջ աշխատակազմի համար՝ առավել ոգեշնչված և արդյունավետ աշխատելու համար:

 

Ինչպես նշեց Շ.Մանգասարյանը, «Ռադիո ԱՅԳ» առցանց կայանի հեռարձակումը սկսվել է 2011 թվականից, եթերներն ընդգրկում են սփյուռքյան և հայրենի լրատվություն, քաղաքական, հոգևոր (Ավետարանի մեկնություն, Սուրբ Պատարագի հեռարձակում և այլն) մշակութային հաղորդումներ, հարցազրույցներ, իսկ երաժշտական կատարումներից առավելագույն տեղը հատկացվում է ազգային երգարվեստին՝ ժողովրդական, աշուղական, գուսանական, հայկական և համաշխարհային դասական երաժշտությանը:
«Ռադիո ԱՅԳ»-ին և Շաքե Մանգասարյանին իրենց գովեստի խոսքերն ուղղեցին ռադիոյի խորհրդի անդամները: Նրանք շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության ու գնահատանքի համար և հավաստիացրին, որ սիրով ու նոր լիցքերով պիտի շարունակեն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը կոչված գործունեությունը ռադիոյում: