Ուկրաինայի մշակույթի նախարարությունը չի արգելի Դեպարդյոյի մասնակցությամբ ֆիլմերը

16:52 • 22.07.15

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ֆրանսիացի դերասանը ներառվել է «սև ցուցակում», իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերն արգելված են ցուցադրության համար, գրում է gazeta.ru-ն:



Երկրի մշակույթի նախարար Վյաչեսլավ Կիրիլենկոն նշել է, որ Դեպարդյոն կա մշակույթի հինգ հարյուր գործիչների ցուցակում, որը հասարակական գործիչները փոխանցել են Անվտանգության ծառայությանը՝ ստուգելու համար: Նախարարը հիշեցրել է նաև, որ գոյություն ունի 117 մշակույթի գործիչների ցուցակ, ովքեր վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը: Այդ ցուցակը նախարարությունն ինքնուրույն է կազմել, և նրանում Դեպարդյոյի անունը չկա:



Կիրիլենկոյի խոսքով՝ անվտանգության ծառայությունը կուսումնասիրի ցուցակը, և հասարակական գործիչների կասկածների հաստատման դեպքում՝ դերասանը կարող է հայտնվել ուկրաինական պատժամիջոցների ներքո:



«Դա չի վերաբերվում բոլոր այն ֆիլմերի և արտադրանքների արգելքին, որոնք ստեղծվել են այդ դերասանի մասնակցությամբ»,- նշել է նախարարը:


Նա նաև ասել է, որ ԶԼՄ-ների տեղեկությունը ոչ իրազեկված կարծիք է այն մասին, որ Դեպարդյոն և ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայտնվել են Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող գործիչների ցուցակում: