Երկրի ճակատագիրը որոշում է տվյալ երկրի էլիտան, կառավարման ձևի փոփոխությունից վտանգ չկա. իրավաբան
Իրավաբան, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն այսօր հրավիրված ասուլիսին դեռևս վաղ է համարում գնահատել սահմանադրական փոփոխությունները: «Առաջին նախագիծն է հրապարակված, չգիտենք վերջնական ինչ տարբերակ կդրվի հանրաքվեի, բայց այդուհանդերձ անհրաժեշտությունը կա որոշակիորեն»,- ասաց նա:
Արթուր Վաղարշյանը տեղին չի համարում կառավարման համակարգի փոփոխության շուրջ ունեցած մտահոգությունները: Ըստ նրա, չի կարելի մտածել, թե հայ ժողովրդին հատուկ է նախագահական կառավարման համակարգը: «Եթե փոխեն հագուստը կփոխվի՞ էությունը: Ինչպես ասում են մարդուն ընդունում են տեսքով, ճանապարհում՝ խելքով»,- ասաց նա և հավելեց, թե այս համակարգով կարող են ավելի ուժեղացնել ժողովրդավարության հենասյուները:
«Ձևը փոխելուց պետք է նկատի ունենալ բովանդակությունը: Նույն նախագահականի ժամանակ կարող է համակարգը նորմալ չգործել և հակառակը: Ձևի փոփոխությունից վտանգ չպետք է տեսնել, կարևորը բովանդակությունն է»,- ասաց նա և հավելեց, թե ամեն ինչ որոշում է քաղաքական էլիտան և կապ չունի, համակարգը խորհրդարանական է, թե նախագահական:
«Երկրի համար պատասխանատվությունը և ճակատագիրը որոշում է տվյալ երկրի էլիտան, այնպես որ թողնենք կիսանախագահական, կամ թուլացնենք նախագահի լիազորությունները և պառլամենտական դարձնենք, միևնույնն է, ժողովուրդն է որոշելու, ինչպիսի էլիտա կունենանք, այնպես էլ պետությունը կայունություն կունենա»,- ասաց նա:
Իրավաբանը դրական համարեց համամասնական ընտրական համակարգի անցումը: «Մեծամասնական համակարգն ուղղակիորեն սպառել է իրեն, ամեն անգամ ընտրական քարոզարշավների ընթացքում լրագրողական նյութերը հուշում են, որ մեծամասնական համակարգը տեղ չունի: Մանավանդ կա պրակտիկա ընտրվում են հետո գնում այլ կուսակցություն կամ չգիտես ինչ անում»,- ասաց նա և նշեց թե կայուն մեծամասնություն ունենալը ավելի նպատակահարմար է:
Ի դեպ, նա նշեց, թե բարեփոխումները քննադատողները այն մարդիկ են, որոնք 90-ականներին ընդունել են այնպիսի Սահմանադրություն, երբ ընթացիկ օրենքները գերակայություն ունեն Սահմանադրության նկատմամբ:










