Կահույք արտադրող IKEA ընկերությունը հետ է կանչել 27 միլիոն պահարան՝ երեխաների մահվան մասին հաղորդումներից հետո
Շվեդական IKEA կոնցեռնը և ԱՄՆ սպառողների անվտանգության ասոցիացիան կոչ են արել ամերիկացիներին, ովքեր գնել են Մալմ մոդելի IKEA պահարան չօգտվել դրանից, եթե այն ամրացված չէ պատին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինչպես հաղորդում են IKEA-ում, ընկերությունում հայտնել են արդեն երկու դեպքի մասին, երբ պահարանն իր ողջ ծանրությամբ ընկել է երեխաների վրա և սպանել նրանց:
Խոսքը նախևառաջ Մալմ մոդելի պահարանի մասին է, որից ԱՄՆ-ում վաճառվել է մոտ 7 միլիոն օրինակ, սակայն IKEA-ի և ամերիկյան կարգավորիչի հայտարարությունում ասվում է նաև IKEA-ի այլ պահարանների մասին, որոնցից երկրում վաճառվել է մոտ 20 միլիոն օրինակ:
Չնայած իրավաբանորեն ծրագիրը համարվում է ապրանքի հետկանչ, IKEA-ն կոչ չի անում գնորդներին վերադարձնել ապրանքները խանութներ: Դրա փոխարեն ամերիկացիներին առաջարկվում է խանութում ստանալ անվճար ամրակների փաթեթ և իրենց պահարաններն ամրացնել պատերին:










