Քենիայում հեռուստաալիք են բացել՝ հատուկ Օբամայի այցը լուսաբանելու համար

08:40 • 23.07.15

Քենիայում վճարովի հեռուստաալիք են բացել, որը բացառապես նվիրված կլինի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հեռուստաալիքը կաշխատի ընդամենը վեց օր՝ հուլիսի 22-ից մինչև 28-ը, երբ Օբաման կլինի Քենիայում: Այն կդառնա DStv արբանյակային հարթակի ծրագրերի վճարովի փաթեթի մաս: Ինչպես ասվում է DStv-ի օպերատորի՝ Multichoice Africa հեռուստաընկերության մամուլի հաղորդագրությունում, հեռուստաալիքի միակ գործառույթը կլինի Օբամայի այցի շուրջօրյա լուսաբանումը:



«Չորեքշաբթի օրվանից՝ հուլիսի 22-ից մինչև երեքշաբթի՝ հուլիսի 28-ը, DStv-ի 199-րդ ալիքը կլինի երկրով մեկ տարածված «Օբամամանիայի» կենտրոնում»,- ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում: Քենիան այս շաբաթ պատրաստվում է հանդիսավոր կերպով ընդունել Բարաք Օբամային, ով  առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ժամանում է իր հոր հայրենիք: