Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ներդրում կդառնա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ջանքերում

15:33 • 23.07.15

Հայաստանում hրեական hամայնքը դիմել է Քնեսեթին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ Քնեսեթի նիստին կայանալիք քննարկման առնչությամբ:

 

«Հարգելի պարոն Էդելշտեյն,
Քնեսեթի հարգելի անդամներ,


Սրտատրոփ և մեծ հույսով Հայաստանի հրեական համայնքի անդամները տեղեկացան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ Քնեսեթի նիստին կայանալիք քննարկման մասին:


Սփյուռքի հրեաների աչքին Քնեսեթը մարմնավորում է իմաստուն և բարոյապես պարկեշտ մարդկանց ժողով:


Մենք մեծ հույսեր ենք կապում իսրայելական խորհրդարանականների հետ՝ հայ ժողովրդի ողբերգությունը որպես Ցեղասպանություն ճանաչելու մասին իրենց դրական որոշման առնչությամբ:


Եթե մենք ցանկանում ենք կերտել ապագա, մենք պետք է հարգենք անցյալը և դրանով իսկ օրինակ ծառայենք նոր սերնդին:


Ծննդոց գրքի ի հայտ գալուց մինչև պետության ստեղծում և մինչ օրս Իսրայելը հսկայական զոհերի գնով Արարչի կարևորագույն պահանջին՝ Արդարության սկզբունքին համապատասխանության բարձրագույն բարոյական քննություն է հանձնում:


Հասկանալով դա՝ աշխարհի ժողովուրդները, բազմաթիվ իշխանություններ և խորհրդարաններ սևեռուն հայացքով հետևում են Իսրայել պետության և հրեական սփյուռքի դիրքորոշմանն ամենասուր՝ Հայոց ցեղասպանության հարցում:


Մենք՝ հրեաներս, պատմական ընտրություն ենք կատարում. ճանաչել մեր բարոյական սկզբունքները որպես համընդհանուր և համամարդկային կամ հարաբերական և պայմանական՝ ի շահ քաղաքական ներկա դրությանը և թափանցիկ «նպատակահարմարությանը»:


Նայելով անսահման տառապանքներ կրած հայերի աչքերին՝ մենք՝ հրեաներս, ինչպես հայելու մեջ, տեսնում ենք մեր ժողովրդի տառապանքները: Հրեաների և հայերի մեծամասնությունը սրտատրոփ սպասում է ձեր՝ երկու ժողովուրդների ճակատագրի համար կարևորագույն որոշմանը:


Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ներդրում կդառնա նաև միջազգային հանրության՝ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ջանքերում: Միանշանակ է, որ ժամանակին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ավելի քիչ հավանական կդարձներ Հոլոքոստի իրականացումը: Դա էլ հենց հանդիսանում է այն գործոնը, որ միավորում է մարդկության դեմ նախկինում իրականացված հանցագործությունները: Հետևաբար, Իսրայելի և հրեական ժողովրդի բարոյական պարտքն է նաև հանդես գալը որպես ցեղասպանությունների կանխարգելմանն  ուղղված պայքարի առաջամարտիկ: