Համազգային հայ կրթական միության սաները հյուրընկալվել են Արցախի ԱԺ-ում

21:02 • 23.07.15

Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ  կրթական և մշակութային միության 10 երկրներից ժամանած թվով 35 երիտասարդի:


Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում Վ. Բալայանը միության ներկայացուցիչներին ներկայացրել է Արցախի պատմությունը, իսկ այնուհետև անդրադարձել երկրի ներկայիս տնտեսական և քաղաքական  զարգացումներին ու հեռանկարներին:

 

Ստանալով ամփոփ տեղեկություն Արցախի մասին՝ երիտասարդները ԼՂՀ ԱԺ փոխնախագահին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել:

 

Նրանք հիմնականում հետաքրքրվել են երկրի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տարաբնույթ թեմաներով, ինչպես նաև զինադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր սահմանին տիրող իրավիճակով:

 

Բալայանը նշել է, որ Արցախի խաղաղության միակ երաշխավորը հայոց բանակն  ու հայ զինվորն է,  ով պատրաստ է համարժեք պատասխան տալ պետական սահմանը խախտել ցանկացող յուրաքանչյուրին :



Հանդիպման վերջում ԱԺ փոխնախագահը կարևորել է սփյուռքահայ երիտասարդության դերը հայրենադարձության, ինչպես նաև  Արցախի ճանաչման գործընթացում: