Նորվեգիայի թագուհին օգնել է նավակով զբոսանքի ժամանակ տուժած աղջկան
Նորվեգիայի թագուհի Սոնյան առաջին օգնություն է ցուցաբերել մի աղջկա, ով վնասել է ոտքը ընկերուհիների հետ նավակով զբոսնելու ժամանակ, գրում է РИА Новости-ն:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեք աղջիկներ զբոսնել են նավակով, երբ փչացել է շարժիչը: Նրանցից մեկը փորձել է վերանորոգել են այն, սակայն վնասել է ոտքը: Աղջիկներն ինքնուրույն չեն կարողացել կանգնեցնել արյունահոսությունը և որոշել են մոտենալ ափին:
«Մոտակա կամուրջը թագավորական Մոգերյո կամուրջն էր, և մոտակայքում գտնվող նավակներից մեկն օգնում է աղջիկներին: Կամուրջից ոչ հեռու է գտնվում նաև թագուհին, ով, տեսնելով, որ աղջիկը վիրավոր է, օգնություն է ցուցաբերում»,- հայտնում է տեղի հեռուստաընկերություններից մեկը:
Ականատեսները նշում են, որ թագուհին հոգ է տարել, որ տուժածի ոտքին վիրակապ դնեն և տաք հագուստ բերեն: Այդ դեպքի մասին հաստատել են նաև թագավորական պալատում: «Ես կարող եմ հաստատել, որ թագուհին և նրան ուղեկցող անձնակազմը թագավորական նստավայրի մոտակայքում օգնություն են ցուցաբերել աղջկան»,- հայտնել է թագավորական պալատի ներկայացուցիչը:










