Մայրաքաղաքի վարչական շրջաններում բակային ճամբարներ են կազմակերպվում. քաղաքապետարան
Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամանցն արդյունավետ ու հագեցած կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, ըստ սահմանված հերթականության, կգործեն բակային ճամբարներ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ճամբարներում կկազմակերպվեն մարզական, մշակութային և ճանաչողական բազմաբնույթ միջոցառումներ, մասնավորապես մանկական հանդես-ծրագրեր, կավճանկարչության, երգի, պարի, ասմունքի և այլ մրցույթներ, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, ազգային մշակույթի ուսուցողական միջոցառումներ, ինտելեկտուալ վիկտորինաներ, հայոց բանակին, պետական խորհրդանիշներին նվիրված դասընթացներ, էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, կենդանաբանական այգի, հանրօգուտ աշխատանք (բակի մաքրում, ծառերի և ծաղիկների խնամում, տաղավարների պատրաստում) և այլն։ Բակային ճամբարներից հերթականը բացվել է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 21 հասցեի տարածքում: Բակային ճամբարների և միջոցառումների ծրագրում ընդգրկվել են նաև հանդիպումներ անվանի մտավորականների և արվեստագետների հետ, ինչպես նաև միջոցառումները կազմակերպելու համար, տեղական մշակութային խմբերից բացի, հրավիրվել են արհեստավարժ խմբեր։










