Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ին հարկավոր Հարավային Կովկասը. քննարկում

15:15 • 24.07.15

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում և Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները» թեմայով քննարկմանն այսօր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը ներկայացրեց իր «ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում» վերնագրով զեկույցը, որը նա բաժանեց երեք մասի՝ թե ինչու է Հարավային Կովկասը կարևոր ՆԱՏՕ-ի համար, Հարավային Կովկասի երկրների առանձին-առանձին մոտեցումները ՆԱՏՕ-ի նկատմամբ և ՆԱՏՕ-ի գործունեությունը տարածաշրջանում, որն ըստ նրա՝ բավական պասիվ է:

 

Աղասի Ենոքյանը նշեց, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է հետխորհրդային տարածքը տեսնել որպես կայունության գոտի՝ հաշվի առնելով, որ հետխորհրդային շրջանից այս կողմ երեք խոշոր միջէթնիկ կոնֆլիկտներ էին տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղ, Հարավային Օսիա և Աբխազիա (այդ թվում նաև Հայաստան–Թուրքիա, արդեն Վրաստան- Ռուսաստան կոնֆլիկտը):
 

«Հարավային Կովկասն անմիջական հարևանության մեջ է այն տարածքների հետ, որտեղ ՆԱՏՕ-ն  ունի հստակ շահեր»,- տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություններից մեկը ներկայացրեց նա՝ մասնավորապես նշելով  Իրաքը, Աֆղանստանը:
 

«ՆԱՏՕ-ի ուշադրությունը չէր կարող վրիպել այնպիսի կարևորագույն ռեգիոնալ գործոնից, ինչպիսին Իրանն է: Իրանը միշտ էլ համարվել է խնդրահարույց երկիր և կար մեծ ցանկություն Իրանի անմիջական հարևանությամբ ունենալ սեփական ներկայությունը»,- որպես երկրորդ պատճառ նշեց նա և անցավ հաջորդ պատճառին՝ այս տարածաշրջանը ՆԱՏՕ-ին պետք է Սև ծով մուտք ունենալու համար: Այսքանով հանդերձ, ըստ նրա, ՆԱՏՕ-ի ներկայությունը խիստ սահմանափակ է, որոշ առումով նույնիսկ սիմվոլիկ:
 

Հարավային Կովկասում, ըստ նրա, Վրաստանն ունի ՆԱՏՕ-ի հետ ամենաակտիվ հարաբերությունները և Վրաստանը բազմիցս է ասել իր մտադրության մասին՝  անդամակցել ՆԱՏՕ-ին: 

«Պարզ է, որ ՆԱՏՕ-ն հասկանում է, որ եթե այս ռեգիոնում ընդլայնվի, Վրաստանի հետ գնա անդամակցության, ապա կբախվի Ռուսաստանի լուրջ հակազդեցությանը, չենք խոսում այն մասին, որ Վրաստանի տարածքում կա երկու կոնֆլիկտային գոտի և նման երկրին անդամ դարձնելը խնդիր է»,- ՆԱՏՕ-ի ոչ շտապ քայլերը այսպես բացատրեց Ենոքյանը:
 

Ադրբեջանի մասով նա նշեց, որ 2007թ-ին Իլհամ Ալիևը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց նաև այդ նույն թվին անդամակցությունը համարել են ռազմավարական նպատակ: «Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ական ծրագրերին զգուշավոր է, և զարգանում են բավական ինտենսիվ, այն մակարդակի վրա, որ չառաջացնի Ռուսաստանի հակազդեցությունը»,-ասաց նա:
 

ՆԱՏՕ-ն ըստ Ենոքյանի՝ փորձում է այս հարցում հավասարակշռություն ցուցաբերել Հարավային Կովկասի երկրների միջև հատկապես Հայաստանի և Ադրբեջանի: Նա նույնիսկ ներքին ինֆորմացիայով կիսվեց, որ Ադրբեջանը վաղուց ձգտում է, որ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն բացել, մինչդեռ ՆԱՏՕ-ն ուշացնում է գործընթացը, որովհետև փորձում է նաև Հայաստանում ինչ-որ տեսակի ներկայացուցչական գրասենյակ բացել, հետո նոր միայն Ադրբեջանում:
 

Հայաստանի մասով նա նախ հիշեցրեց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, չնայած Ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսվում է, որ թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ՆԱՏՕ-ն Հայաստանի անվտանգության հիմնասյուներն են: «Սակայն իրականում Հայաստանի Հանրապետության համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ ավելի խորն է»,- ասաց նա:
 

Խոսելով ՆԱՏՕ–ի հետ համագործակցության դինամիկայի մասին՝ նա նշեց, որ շատ դեպքերում Հայաստանը հետևում է Վրաստանի և Ադրբեջանի քայլերին։ Օրինակ՝ 2005թ-ին Վրաստանում ՆԱՏՕ տեղեկտավական կենտրոններ են բացվել, այնուհետև Ադրբեջանում 2006թ-ին և նոր միայն Հայաստանում 2007թ-ին: Կոսովոյի խաղաղապահներին միանալիս առաջինը Ադրբեջանն էր, ապա Վրաստանը և հետո միայն Հայաստանը:

 

«Հայաստանը երբեք չի հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության մասին, ավելին՝ բոլոր նախագահների ժամանակ նշել են, որ իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կարող է խոչընդոտել իր ստրատեգիական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը»,- ասաց Աղասի Ենոքյանը։