Սերյան Օհանյանը հանդիպեց «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ

14:50 • 24.07.15

ՀՀ պաշտպանության նախարարությունում նախարար Սերյան Օհանյանն այսօր հանդիպեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ:

 

Հրանուշ Հակոբյանը նախ տեղեկացրեց, որ այս ծրագրի ընթացքում Հայաստան են բերել հինգ հազար երիտասարդ, և ըստ նրա՝ այս ծրագիրը լավագույն միջոցն են դարձրել հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանը:
 

Նախարարի խոսքով՝ այս տարի ծրագրի շրջանակում Հայաստան են այցելելու 1100 երիտասարդ, որից շուրջ 700–ն արդեն եկել են, իսկ 150-ը՝ 15 երկրներից հիմա այստեղ են: «Արի տուն ծրագիրը հայրենաճանաչողության ծրագիր է»,- ասաց նա:
 

Սերյան Օհանյանը բարձր գնահատեց հայրենիքի հետ սփյուռքի կապը պահող ծրագրերը, որոնք իրականացնում է Սփյուռքի նախարարությունը: «Մենք իրականության մեջ հերոս ժողովուրդ ենք»,- ասաց նա և նշեց, որ հայ ժողովրդի ապագան կերտում են միասին:
 

«Հայկական բանակն այն կառույցն է, որը երբևիցե տեղում չի դոփել»,- ասաց նա և նշեց, որ  ամեն տարի բանակը դնում է նպատակներ և հասնում դրանց:
 

«Հայկական բանակն այս հաջողությունները ձեռք է բերել ժողովրդի հետ միասին: Մենք մտածում ենք ապագայում ավելի բարձր աստիճանի հասցնել հասարակություն–բանակ կապը, քանի որ այնտեղ, որտեղ ժողովուրդը և բանակը միասնական են, այդտեղ անպարտելի են»,-ասաց նա: