Մահացել է ատաման Էդուարդ Բադալյանը
61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ խաղաղարար ուժերի հայ-կազակական միջազգային միավորման նախագահ, ՀՀ բարձրագույն ատաման, գեներալ-լեյտենանտ Էդուարդ Վազգենի Բադալյանը:
Հուլիսի 22-ին սրտի կաթվածից մահացած ատամանի օգնական Կոլյա Խաչատրյանը, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բարձր գնահատելով Բադալյանի անձնազոհ, հայրենիքին նվիրված որակները, ընդգծել է, որ նա այն անհատն էր, ով սիրված էր բացառապես բոլորի կողմից:
«Դեռևս արցախյան գոյամարտի տարիներին նա իր անձնական կապերի և միջոցների հաշվին Ուկրաինայից, Չեչնիայից զենք-զինամթերք է հասցրել հայկական դիրքեր: Եղել են դեպքեր, երբ այդ զենքը քողարկվել է տեղափոխվող այլ բնույթի բեռի, անասունների քողի ներքո»,- պատմել է ականատես Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ ատամանի նախաձեռնությամբ 2011 թվականից հայ-իրանական սահմանին կազակական զինվորների խաղաղարար զորքերը հսկում են սահմանը, իր միջնորդությամբ բազմիցս մարզի երիտասարդները մեկնել են արտագնա աշխատանքի, այս պահին էլ 50 երիտասարդ Սանկտ-Պետերբուրգում շինարարական աշխատանքներ են կատարում:
«Իր նախաձեռնությամբ 2015 թվականի մայիսին նա միավորեց յոթ կազակական կազմակերպություն: Դա հզոր գործ էր»,-նշել է միջազգային կազակական միավորման խաղաղարար, Հայաստանի տարածքում սահմանապահ ծառայության աշխատանքների կոմիտեի ղեկավար Կարեն Պողոսյանը՝ ավելացնելով, որ նախատեսված էր, որ ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցների հետ օրերս այդ առիթով պետք է ունենար հանդիպում, բայց ցավոք չհասցրեց:
Էդուարդ Վազգենի Բադալյանը ծնվել է 1954 թվականին` Արտաշատի տարածաշրջանի Այգեզարդ գյուղում: 1972-74 թթ-ին ծառայել է Խորհրդային բանակում: Այնուհետև սովորել Որոշիլոգրադի Շինարարական ինստիտուտում, աշխատանքի անցել այնտեղ: Վերադարձել է հայրենիք, աշխատել «Արարատ Տրեստում», այնուհետև տեղափոխվել Ուզբեկստան:
«1988 թվականի երկրաշարժից հետո վերադարձել է հայրենիք, մասնակցել արցախյան ազատամարտին: 2005 թվականից մտել է կազակական շարքերը, մինչ իր մահը եղել է հայրենիքի նվիրյալ»,-ասացին գործընկերները, մանկության ընկերները:
2011 թվականից եղել է Միջ ազգային հայ-կազակական խաղաղարար ուժերի միավորման Արարատի մարզային նախագահ, 2013-15 թթ Հայաստանում ՌԴ դեսպանության կենտրոնական կազակական զորքերի խորհրդատու ատաման:
Հոգեհանգիստը տեղի է ունեցել հուլիսի 23-ին` Շահումյանի եկեղեցում, թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 24-ին ժամը 14:00-ին Այգեզարդի գերեզմանատանը:










