Գյումրիում Ավետիսյանների սպանությունը կարող է արտասահմանյան հատուկ ուժերի դիվերսիան լինել. հայ գնդապետ
Գյումրիում 2015թ. հունվարի 12-ին տներից մեկում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները։ Հանցագործության համար կասկածվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովը։
Այս թեմայի շուրջ Комсомольская правда-ն զրուցել է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի արտաքին հետախուզության բաժնի նախկին ղեկավար, ներկայումս հանրապետության Պատերազմի և զինված ուժերի վետերանների հանձնաժողովի նախագահ գնդապետ Պետրոս Պետրոսյանի հետ։
Լրագրող նշում է, որ ինչպես և Հայաստանի բնակչության մեծամասնությունը, գնդապետը նույնպես կասկածում է, որ այդ հրեշավոր սպանությունը կարող էր մեկ մարդ անել։
«Այո, ես՝ որպես զինվորական, իսկապես դժվար եմ պատկերացնում, որ ոմն երիտասարդ զինվորիկ այդպես սառնասրտությամբ, շատ հմուտ մարդասպանի նման, կարողացել է հեշտությամբ գնդակահարել, դանակահարել 7 մարդու՝ անծանոթ տանը, գիշերը։ Եվ ամենակարևորը, առանց որևէ դրդապատճառի։ Այդ պատճառով էլ ինձ թվում է, որ այս ամենն ավելի շատ նման է պլանավորված գործողության, որի նպատակն է եղել պայթեցնել հայ հասարակությունը և տրամադրել Ռուսաստանի դեմ»,- ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այդ ամենը հնարավոր է կազմակերպել, օրինակ, հիպնոսի միջոցով։ Կան շատ մասնագետներ և կան մարդիկ, ովքեր հեշտությամբ տրվում են հիպնոսին։
Հարցին, որ եթե Պերմյակովի դեպքը դիտարկում է որպես դիվերսիա, ապա նրա կողքին պետք է լինեին, հավանաբար, ներքաշված մարդիկ, ովքեր ճիշտ պահին նրան ուտելու կամ խմելու որևէ բան են տվել, նստեցրել մեքենա, բերել Ավետիսյանների տան մոտ, գնդապետը պատասխանել է, որ չի ցանկանում առանց ապացույցի կասկածել զինվորականներին կամ որևէ մեկ ուրիշին այդ ռազմաբազայում։
«Ներքաշելու մեթոդներ շատ կան։ Գաղափարական առումներով այժմ, հավանաբար, չեն ներքաշում։ Սակայն գումարը և կոմպրոմատը եղել են և միշտ էլ կլինեն։ Երբեմն ստիպված ենք եղել մեզ անհրաժեշտ մարդուն ուսումնասիրել ավելի քան 1 տարի՝ նախքան նրան ներքաշելը։ Դա բարդ գիտություն է։ Սակայն եթե դրանով զբաղվում են իսկական պրոֆեսիոնալներ, ապա, որպես կանոն, ամեն ինչ ստացվում է»,- նշել է գնդապետը։
Ամբողջական հարցազրույցը կարելի է կարդալ այստեղ։










