«Լույս»–ը պարգևատրեց «Ստարտ Արմենիա» դրամաշնորհի մրցույթի հաղթողներին

17:21 • 24.07.15

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում այսօր հանդիպում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի և «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ:

 

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հանդիպման ընթացքում խոսելով հիմնադրամի գործունեության մասին, ասաց, որ «Լույսի» համայնքն արագ է աճում:

 

«2009 թվականից ի վեր հիմնադրամն աջակցել է ավելի քան 400 ուսանողների: Շրջանավարտների 70%-ն այժմ ապրում է Հայաստանում, նրանք իրենց գործունեության միջոցով դրական ազդեցություն են ունենում երկրի զարգացման գործում»,-տեղեկացրեց Ժաքլին Կարաասլանյանը։
 

«Ամեն տարի «Լույսը» պարգևատրում է «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի մրցույթում հաղթած իր շրջանավարտներին, ովքեր ներկայացրել էին Հայաստանում սկսնակ ձեռնարկություն հիմնելու նախագծեր»,– ավելացրեց նա:

 

Նշենք, որ «Լույս»–ի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի տասը լավագույն համալսարաններում:
 

Ամեն ամառ «Լույսի» ուսանողները Հայաստան են ժամանում աշխարհի տարբեր անկյուններից՝ միասին աշխատելու: Նրանք ուսումնասիրում են երկրի տարբեր համայնքներում առկա մարտահրավերները, քննարկում դրանք տեղի բնակչության հետ՝ մի քանի լուծում առաջարկելու նպատակով: Այնուհետև առաջարկված լուծումներից մի քանիսը մշակվում են ու դառնում իրագործման ենթական նախագծեր: Այսկերպ «Լույսը» խթանում է նորարարական մոտեցումներն ու միասին մտածելու և գործելու մշակույթը:
 

«Լույսի» բոլոր կրթաթոշակառուները մշտապես հանդիպում են նոր մարտահրավերների և հաղթահարում դրանք «մենք կարող ենք անել» մոտեցման շնորհիվ: Ամեն տարի նրանցից յուրաքանչյուրն իր հետ բերում է գիտելիքի և փորձառության մեծ պաշար, որին գումարվում են այն համայնքների ու բնակչության փորձն ու հմտությունները, որտեղ նրանք աշխատում են:

 

Այս տարի մասնագիտացված մի քանի հատուկ խմբեր կան. օրինակ՝ տվյալների պահպանման թվայնացման համակարգի մշակմամբ զբաղվող մասնագիտացված խումբ: Այս խումբը նախագծում է ֆինանսական թվայնացված նոր գործիքներ, որոնք թույլ կտան պահպանել մեծ չափով ինֆորմացիա:
 

Կրթական համակարգի զարգացմամբ զբաղվող մասնագիտացված խումբն աշխատում է «Այբ» հիմնադրամի հետ՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հայեցակարգերի  մշակման ուղղությամբ:

 

Գործարար կրթության ծրագրի մշակմամբ զբաղվող մասնագիտացված խումբը գործարար կրթության ծրագիր է մշակում ընկերությունների համար, քանի որ մասնագետները մշտապես կարիք ունեն զարգացնելու իրենց հմտությունները, որպեսզի համընթաց քայլեն արագ փոխվող աշխարհի առաջընթացին:

 

Ճարտարապետության նախագծի մշակմամբ զբաղվող մասնագիտացված խումբն աշխատում է Լոռու մարզում գիտության թանգարանի ստեղծման նախագծի վրա:
 

«Լույսի» շրջանավարտները նախագահին ներկայացրին իրենց հաջողություններն ու ձեռքբերումները, շնորհակալություն հայտնեցին հիմնադրամի ծրագրերի համար՝ նշելով, որ հիմնադրամի գործունեության այս կարճ ժամանակահատվածում կարողացել են լուրջ հաջողություններ ունենալ: