250-ից ավելի մարդ է ձերբակալվել Թուրքիայում հակաահաբեկչական գործողության ժամանակ

12:34 • 24.07.15

Թուրքական ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացնում երկրի 13 շրջաններում, ինչի հետևանքով ձերբակալվել է 251 մարդ, որոնք կասկածվում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչության մեջ: Այդ մասին ասված է ուրբաթ օրը կառավարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ria.ru-ն:


«Հուլիսի 24-ին անվտանգության վարչությունը սկսել է գործողություն «Իսլամական պետության», «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների դեմ, որոնց գործունեությունը սպառնում է ազգային անվտանգությանը:

 

«Գործողությունն իրականացվել է 13 շրջաններում, 251 մարդ է ձերբակալվել: Նրանց նկատմամբ անցկացվում է քննություն: Կառավարությունը վճռական է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարին»,- ասված է հայտարարության մեջ:


Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ գրծողությանը ուղղաթիռների ուղեկցությամբ մասնակցել է մոտ 10 հազար ոստիկան: Գործողությունն իրականացվել է ավելի քան 140 կետերում, որտեղ կարող էին թաքնվել «Իսլամական պետության» կամ ծայրահեղական քրդական խմբավորումների գրոհայինները: Գործողության ընթացքում սկսված փոխհրաձգության ընթացքում սպանվել է ձախ ծայրահեղական ահաբեկչական կազմակերպություններից գրոհային մի կին: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի վրա:


Հինգշաբթի օրը Անկարայում կայացել է ազգային անվտանգության հարցերով շտապ խորհրդակցություն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթողլուի նախագահությամբ: Նիստը հրավիրել է երկրում Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրավիճակի կտրուկ սրացման, Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում երեք ոստիկանների սպանության և Սիրիայի սահմանին ԻՊ-ից ահաբեկիչների հետ թուրքական բանակի բախումների առնչությամբ: