Թուրքիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում 590 մարդ է ձերբակալվել

14:52 • 25.07.15

Թուրքիայի ոստիկանությունը շաբաթ օրը շարունակել է երկրով մեկ ծավալված հակաահաբեկչական գործողությունը: Ոստիկանությունն ընդհանուր 590 մարդ է ձերբակալել, որոնց թվում է առնվազն 37 արտասահմանցի՝ Թուրքիայում ահաբեկչական խմբերի հետ կապեր ունենալու կասկածանքով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է Anadolu գործակալությունը:

 

Դավութօղլուն նշել է, որ ձերբակալվածները եղել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ենթադրյալ անդամներ, գրում է AFP գործակալությունը:

 

Շաբաթ օրը ոստիկանական գործողություններն իրականացվել են երկրի 22 շրջաններում:

 

Ուրբաթ գիշերը և շաբաթ վաղ առավոտյան թուրքական ռազմաօդային ուժերը վերջին երկուսուկես տարում առաջին անգամ ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության ճամբարները:

 

Երկուշաբթի օրը Սուրուչի մշակութային կենտրոնի առաջ՝ սրճարանում, ահաբեկչություն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել 32 մարդ, 100-ից ավելին վնասվածք է ստացել: Ռումբը պայթել է մշակութային կենտրոնի մուտքի մոտ, որտեղ հավաքվել էին թուրքաբնակ քրդերը և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, որոնք պատրաստվում էին Սիրիա մեկնել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումից տուժած Քոբանի քաղաքի վերականգնմանն օգնելու համար:

 

Իշխանություններն ահաբեկչության պատասխանատու են համարում ԻՊ-ին, որը մահապարտ է օգտագործել: